Անահիտ Թարխանյանը դիմել է Քաղաքաշինության նախարարություն
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հեղինակի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, օդանավակայանի շենքի պահպանման համար դիմել է Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետին, որպեսզի պարզի, թե Երեւանի քաղաքապետարանի՝ համալիրի էստակադան քանդելու թույլտվությունն արդյոք համապատասխանո՞ւմ է ՀՀ օրենսդրությանը եւ արդյոք թույլտվության արդյունքում չի՞ վնասվում հին համալիրի ամբողջությունը: Այս մասին Անահիտ Թարխանյանն ասաց այսօր, «Հայացք» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ակնկալում եմ, որ կդադարեցնեն քաղաքապետի որոշումը: Դա ինչ-որ չափով ժամանակ կստեղծի, կտրամադրի, որպեսզի հանրությունը մեկ անգամ եւս փորձի քննարկել եւ պաշտպանենք Զվարթնոց օդանավակայանը»,- հայտարարեց Անահիտ Թարխանյանը: Նրա խոսքով՝ գոյություն ուենցող նոր օդանավակայանն ընդամենը բիզնես ծրագիր է, պետական սեփականություն չի եւ ցանկացած ժամանակ կարող է վաճառվել, կարող է գնալ սննկացման: «Այս պարագայում ոչնչացնել կամ մասամբ ապամոնտաժել մեր ստրատեգիկ նշանակություն ունեցող օդանավակայանը, անմտություն է: Էստակադան իրենից ներկայացնում է Զվարթնոց օդանավակայանի սիրտը, որը կապում է բոլոր արտաքին եւ ներքին օղակները: Քանդելու դեպքում շատ դժվարանում է Զվարթնոց օդանավակայանի գործելու հարցը: Չպետք է թույլ տալ ապամոնտաժման աշխատանքներ իրականացնել»,- նշեց համալիրի հեղինակի դուստրը:
