Բարգավաճի արգանդը բեղուն է.Լյովա Խաչատրյան
«Բարգավաճի արգանդը բեղուն է և կարող է ծնվել շատ կուսակցություններ»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին ԲՀԿ-ականների կուսակցություններ ստեղծելուն: «Որքան էլ կուսակցություններ ծնվեն, ԲՀԿ-ի հիմքը մնալու է:Բեղուն արգանդը միշտ էլ ծնում է նորերը, ես ողջունում եմ»,-ասաց նա: Անդրադարձ եղավ նաև ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի՝ ընտրակաշառք չբաժանելու վերաբերյալ ջենտլմենական համաձայնագիր ստորագրելու առաջարկին: «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց,որ ժողովրդին խաբելու, կաշառելու ժամանակներն անցել են և վերջին ընտրությունները ցույց են տալիս, որ քաղաքական ուժերն ինչ պայմանավորվածության էլ գան, ժողովուրդը գիտի՝ ինչ է անում: Լյովա Խաչատրյանը նշեց, որ ջենտլմենական համաձայնագիր ստորագրելու համար պարտադիր է ջենտլմենի առկայությունը: «Այսօրվա խամաճիկ քաղաքական դաշտում գտնել ջենտլմեններ, շատ դժվար է: Սա ճանապարհ չունեցող առաջարկ է, երկրում պետք է գործի օրենքը, բարոյականությունը, պետք է լինի քաղաքական կամք»,-ասաց նա և նշեց, որ այսօր քաղաքական կամք չի տեսնում: Հարցին, թե ԲՀԿ-ն երբևէ ընտրակաշառք չի բաժանե՞լ, նա ասաց. «Բոլորն էլ նույնն են»: Նա նշեց, որ խաղի կանոնները պետք դրվեն այնպես, որ անթույլատրելի լինի ընտրակաշառքը:
