Հակառակորդի գործողությունները մեզ համար տեսանելի են. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց,որ հակառակորդը շարունակում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում զորքերի տեղաշարժ ու կուտակումներ իրականացնել: Ադրբեջանական զորքերի տեղաշարժը կուտակումների փոփոխությունները, ըստ էության, մշտական են ու վերջին օրերին շեշտակի փոփոխություն չեն կրել,հայտնեց նա: Հարցին՝ ունե՞ք տեղեկատվություն հարձակման վերաբերյալ, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց, թե նման հստակ գնահատական տալ չի կարող: «Կարծում եմ՝ այս պահին դժվար է ասել՝ ինչ կլինի, երբ կլինի. դա հնարավոր չէ: Կարևորն այն է, որ պաշտպանության բանակն իր բոլոր հետախուզական միջոցներով այս ամենին հետևում է, ոչինչ աննկատ չէ, հակառակորդի գործողությունները մեզ համար տեսանելի են»,- նշեց խոսնակը: «Ակտիվ մարտական գործողությունների փուլից հետո պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել ու անակնկալության գործոնն այս պահին նվազեցվել է: Կան ռազմական խորամանկության հնարքներ՝ երկարաժամկետ ընտելացնել իրավիճակին ու փորձել շեղել ուշադրությունը: Հիմա կարճ ժամանակ է, մեր զորքերը լիովին պատրաստ են: Պատերազմների պատմության մեջ ոչ մեկ չի կարող բացառել, որ դիմացի գործողությունները քեզ համար ինչ-որ առումով անակնկալության տարրեր չեն ունենա՝ նորությունների հաշվին: Դա գիտություն է: Ամբողջ դիմացինի գործողությունները տեղը, ժամը, բնույթն իմանալու համար հակառակորդիդ փաստաթղթերը պետք է ձեռքիդ տակ լինեն»,- նշեց նա:
