Գաստիկը խնդիրներ է ունեցել Երրորդմասցի Լյովիկի հետ ու հետևել նրան
«Երրորդմասցի Լյովիկի»` Լեւոն Ղազարյանի եւ նրա երկու ընկերների սպանության մեջ մեղադրվող Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլե) ու Սարգիս Գրիգորյանը (Ծգլ) տեւական ժամանակ խնդիրներ են ունեցել միմյանց հետ եւ գժտված են եղել: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ սկսվեց Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով հերթական դատական նիստը: Մեղադրող դատախազը ներկայացրեց ամբաստանյալներ Սարգիս Գրիգորյանի (Ծգլ), Սարգիս Հախանումյանի (Տլե) և Վահան Հակոբյանի (Գաստիկ) մեղադրական եզրակացությունները: Dատախազը, ներկայացնելով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, հայտնեց, որ 2014թ.-ի մայիսին կողմերը միմյանց հետ վիճել են մայրաքաղաքի սրճարաններից մեկում, որից հետո Վահան Հակոբյանն ու ընկերները որոշել են վրեժխնդիր լինել: «Երրորդմասցի Լյովիկի եւ ընկերներից վրեժխնդիր լինելու համար ամբաստանյալները նախ տուն են վարձել, ապա ձեռք բերել ավտոմեքենա եւ ինքնաձիգներ: 2015թ.-ի մարտի չորսին Վահան Հակոբյանն ու ընկերները տեղեկացել են, որ «Երրորդմասցի Լյովիկը» Դրաստամատ Թադեւոսյանի հետ գնալու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու Դավիթ Իսպիրյանին: Երիտասարդները դեռեւս առավոտյան 10:50-ի սահմաններում եկել են ՔԿՀ եւ դարանակալել: Մինչեւ Լեւոն Ղազարյանի եւ Դրաստամատ Թադեւոսյանի ժամանելը` տարածք է եկել նրանց անվտանգությունն ապահովող Մեսրոպ Նազարյանցը, որը ոչինչ չի նկատել: Երեք ամբաստանյալները, իմանալով որ Լևոն Ղազարյանը գնալու է «Նուբարաշեն» ՔԿՀ` Դավիթ Իսպիրյանին տեսնելու, հետևել են նրան: Մեսրոպ Նազարյանցը պետք է հսկեր շրջակայքը, սակայն Գաստիկենց չի նկատել: Նախորդ տարվա մարտի 4-ին Երրորդմասի Լյովիկին և ընկերներին սպանելուց հետո, փախուստի են դիմել, մի քանի ավտոմեքենա են փոխել, Սուրեն և Կարեն Երեմյաններին պատկանող «Միլենա» տաքսի ծառայություն են գնացել:
