Առեղծվածային սպանության, ադրբեջանական նավթային հետքն ու Իլհամի դստեր միլիոն դոլարի փոխանցումը

Երկու տարի առաջ մի լրագրողի սպանություն, կարելի է ասել, ալիևյան կլանի էության վրա լույս սփռեց ողջ աշխարհում: Տեղի ունեցածն իսկապես ցնցող պատմություն է...

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, կտրականապես հերքում է իր բարձրաստիճան աշխատակիցներից մեկի` Թուրաբ Մուսաևի առնչությունը մալթացի հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի` 2017 թվականի աշնանը տեղի ունեցած սպանությանը: Այս մասին ադրբեջանական Turan գործակալությանը այսօր հաղորդել են ընկերության կազմում գործող SOCAR Trading ընկերության պաշտոնական ներկայացուցիչները` պնդելով, որ լրագրողի սպանությունում ադրբեջանական հետքի առկայության մասին Մալթայի առաջատար լրատվամիջոցներում վերջին օրերին հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

Ինչպես հայտնում է «Ազատությունը»՝ Մալթայում լույս տեսնող մի շարք պարբերականներ` մասնավորաբար Times of Malta օրաթերթը և Malta Today եռօրյան, վերջին շաբաթներին, վկայակոչելով նախաքննության մոտ կանգնած աղբյուրները, պնդում էին, որ երկրում ադրբեջանական էներգետիկ ընկերության շահերը ներկայացնող Մուսաևի անունը մի քանի անգամ հնչել է լրագրողի սպանության մեջ կասկածվող անձանց ցուցմունքներում:

Times of Malta պարբերականի լրագրող Այվեն Մարտինն, օրինակ, գրել է, որ հարցաքննության ժամանակ Կարուանա Գալիցիայի սպանության կազմակերպիչներից մեկը` Մելվին Թեուման, նշել է, որ սպանության գործով անցնող մալթացի պաշտոնյաներից մեկը` ElectroGas Malta ընկերության նախկին ղեկավար Յորգեն Ֆենեքը` «Թուրաբ» անունով մի տղամարդու հետ հանդիպել է Դաֆնե Կարուանա Գաիցիայի սպանությունից անմիջապես հետո»:

Մարտինը Twitter-ի իր էջում հրապարակել է նաև Մուսաևի էլեկտրոնային նամակներից մեկը, որից պարզ է դառնում, որ SOCAR-ի պաշտոնյան որոշիչ դեր է խաղացել Մալթայի խոշորագույն պետական էներգետիկ ընկերության գործունեության համակարգման հարցում:

Հասկանալու համար, թե ինչ շահեր է հետապնդում SOCAR-ը Ադրբեջանից ավելի քան 3000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մալթայում և ինչով կարող էր ադրբեջանական ընկերությանը խանգարել տեղացի ամենահայտնի հետաքննող լրագրողը, հարկավոր է վերհիշել այս երկու երկրների և դրանց ղեկավարների միջև վերջին տարիներին ձևավորված հարաբերությունների պատմությունը:

Պարզվում է, Բաքվի և Վալետայի հարաբերություններում շրջադարձային կետը 2014 թվականն է եղել: Ուղիղ հինգ տարի առաջ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը պայմանագիր էր կնքել, որով միջերկրածովյան այս երկիրը պարտավորվում էր 18 տարի ժամկետով գազ գնել բացառապես Ադրբեջանից, ինչպես նաև ադրբեջանական ընկերություններին ներգրավել երկրի խոշորագույն էլեկտրակայանի շինարարության գործում:

Մահվանից մի քանի ամիս առաջ` 2017-ի գարնանը, հրապարակված հետաքննության ընթացքում, սակայն, Կարուանա Գալիցիան պարզել էր, որ պայմանագիրը կնքելուց որոշ ժամանակ անց Իլհամ Ալիևի դուստր Լեյլային պատկանող, Դուբայում գրանցված ընկերություններից մեկը 1 միլիոն դոլարի փոխանցում է կատարել Մալթայի վարչապետի տիկնոջը` Միշել Մուսկատին պատկանող, Պանամայում գրանցված Egrant ֆիրմային:
Հետաքննող լրագրողը նաև պարզել էր, որ Լեյլա Ալիևան 2016-ի հունվարից մինչև մարտը շաբաթական երկու անգամ 100 հազարական դոլար է փոխանցել Մալթայի վարչապետի տիկնոջը պատկանող այդ ընկերությանը: Փոխանցումներն իրականացվել են Մալթայում գործող Pilatus բանկի միջոցով, որի ամենահարուստ հաճախորդներն են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովը և Իլհամ Ալիևի երկու զավակները` Լեյլան և Հեյդարը:

Այսօր արդեն, նախաքննության մարմինների ձեռքում հայտնված փաստաթղթերից պարզ է դառնում, որ SOCAR-ը մտադիր էր երկրի խոշորագույն Դելիրամայի էլեկտրակայանում թվային արժույթի` բիտքոիններ ստանալու, այսպես կոչված, «մայնինգի» գործընթաց սկսել, ինչը նախևառաջ շատ մեծ էներգետիկ հզորություններ է պահանջում:
Լրագրողը նաև պարզել էր, որ Ադրբեջանը, կատարելով 2014 թվականին կնքված պայմանագրի դրույթները, Մալթային էր վաճառում ոչ թե Կասպից ծովում արդյունահանված գազը, այլ վերավաճառում էր Shell ընկերությունից գնված հեղուկ գազը, ինչի հետևանքով, ըստ Կարուանա Գալիցիայի, շուրջ 40 միլիոն դոլար էր յուրացվել:

Ըստ «Ազատության»՝ SOCAR-ի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ վերը հիշատակված առևտրային սխեման իր բնույթով կոռուպցիոն չէր: «Եթե նույնիսկ ենթադրենք, որ մի օր նավթի պաշարները Ադրբեջանում կսպառվեն, միևնույն է SOCAR Trading ընկերությունը, միջազգային շուկայում իրականացվող գործարքների շնորհիվ կշարունակի երկրի բյուջեի համար եկամտի կարևորագույն աղբյուր մնալ», - Turan-ի լրագրողների հետ զրույցում նշել է ընկերության ներկայացուցիչներից մեկը:

Ինչ վերաբերում է Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննությանը, ապա այս գործով այժմ երեք կասկածյալ է անցնում: Պաշտոնական վարկածի համաձայն՝ սպանության պատվիրատուն ElectroGas Malta ընկերության նախկին ղեկավար Յորգեն Ֆենեքն էր: Այդ ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը գտնվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ձեռքում է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6391 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am