Երևան-Գյումրի ավտոճանապարհին Opel-ը 200 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում
Երեկ՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 11 TT 560 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63.8-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվել ձորը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Ավագյանն ու Սուքիասյանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
