Մարդկանց խումբ կա, որն «արյուն» և հրաժարականներ է ուզում. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց՝ ստեղծված պատերազմական իրավիճակում «բարոյական չէ ստեղծել արհեստական օրակարգ եւ պահանջել երկրի գլխավոր գերագույն հրամանատարի հրաժարականը: Դժվար է պատկերացնել, որ այսօր այդ հարցը կա օրակարգում»: Ըստ նրա, կան մարդիկ, որոնք այս իրավիճակն օգտագործում են՝ սեփական հեղինակությունը վերականգնելու համար: Քաղաքական դաշտը 2017-ի ընտրություններից առաջ նախանախընտրական փուլում է, դիրքեր են փորձում ստանալ: Եվ այն, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն է ստեղծում, նոր Սահմանադրությունը դարձնում է բացարձակ լեգիտիմ: Այն շրջանակները, որոնք ոչ-ի շարժման մեջ էին, շարժվում են նոր խաղի կանոններով: Հարցին՝ կիսո՞ւմ եք Հերմինե Նաղդալյանի մոտեցումները Ղարաբաղյան խնդրի կարգավորման առնչությամբ՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Թողնում եմ տիկին Հերմինեին՝ իր հարցազրույցի հետ կապված մեկնաբանությունը, ինչն արել է: Եկեք ամեն ինչ դնենք մի կողմ եւ պարզ խոսենք՝ արդյոք այս թեմայի հետագա քննարկումը բարձրացնո՞ւմ է մեր զինվորի ոգին, արդյոք չի բերում նրան, որ տղերքը, որոնք կանգնած են առաջնագծում, ծանոթանալով լրահոսին՝ որոշակի հոգեբանական խնդիրներ կարող են ունենալ: Ղարաբաղյան խնդրի կարգավորումը ԱԺ մանդատը չէ, դա երկրի ղեկավարի մանդատն է՝ նախագահի մանդատն է, իսկ Սերժ Սարգսյանի տեսակետներին կարողացել եք հաղորդակից լինել: Այս հարցի իրական տերը ԼՂՀ ժողովուրդն է, Բակո Սահակյանը հստակ բարձրաձայնեց իրենց մոտեցումները»: Արմեն Աշոտյանն ասաց, որ մարդկանց խումբ կա, որն «արյուն» է ուզում՝ պաշտոնանկություններ, հրաժարականներ. «Կա այդ էներգիան որոշակի մարդկանց մոտ, բայց այդ էներգիան արդյոք կառուցողակա՞ն է, թե՞ ոչ: Այն, ինչ կատարվելու է՝ կատարվում է, ով չպետք է աշխատի՝ չի աշխատելու»:
