Թուրքական նոր սպառնալիք՝ հայկական խաղաքարտով

Թուրք-ամերիկյան հարաբերությունների սրումը հասավ գագաթնակետին...

Թուրքիան սպառնում է փակել Ինջիրլիքում և Քյուրեջիքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները՝ ի պատասխան Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների և ամերիկյան Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին թուրքական ATV և A-Haber հեռուստաալիքների համատեղ ուղիղ եթերում:

«Եթե հարկ լինի, Ինջիրլիքն էլ կփակենք, Քյուրեջիքն էլ, ամեն ինչ կախված է փոխադարձ վերաբերմունքից: Եթե մեզ պատժամիջոցներով են սպառնում, ապա մենք էլ պատասխան քայլեր կձեռնարկենք: Երկուստեք կարևոր է, որպեսզի Միացյալ Նահանգներն այնպիսի քայլեր չանի, որոնք անդառնալի հետևանքներ կթողնեն երկկողմ հարաբերությունների վրա», - ասել է Էրդողանը:

Նա պնդել է, թե ամերիկյան կողմի գործողությունները չեն համապատասխանում իրենց դաշնակցային հարաբերությունների ոգուն, Միացյալ Նահանգների Կոնգրեսին հորդորելով վերջ դնել երկու երկրների փոխհարաբերությունների բնույթի հետ կապ չունեցող հարցերը «ներքաղաքական բանավեճերի առարկա դարձնելուն»: «Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ կանխելու համար այն քայլերը, որոնք կարող են ավելի վնասել երկկողմ հարաբերությունները», - նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը չի մոռացել արխիվների թեման: «Մենք հիմա բացում ենք մեր զինված ուժերի արխիվներում առկա ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ, թող գան պատմաբաններն ու իրավաբանները, դրանք ուսումնասիրեն: Ասում են, թե որոշ քանակությամբ արխիվներ էլ Միացյալ Նահանգներում, մասնավորապես՝ Հարվարդում կան, դրանք էլ թող բացեն: Ֆրանսիայում էլ կան, թող դրանք էլ բացեն: Հայաստանում կա՞, թե՞ ոչ: Թող բոլորն էլ բացեն իրենց արխիվները, և դրանք ուսումնասիրվեն պատմաբանների հանձնաժողովների կողմից: Իրավաբաններն ու հնագետներն էլ թող ուսումնասիրեն: Հետո միայն հարկ եղած դեպքում մենք՝ քաղաքական գործիչներս, կմիջամտենք», - ըստ «Ազատության» ասել է Էրդողանը՝ հավելելով, թե ցեղասպանության հարցի մասին կարելի է խոսել միայն հիմնավորված փաստարկներով:

Թուրքիայի նախագահը շտապել է նաև պատմության դասեր տալ Հայոց ցեղասպանության հարցն իրենց խորհրդարան բերած երկրներին: Նա ԱՄՆ-ին հիշեցրել է հնդկացիների մասին՝ այդ թեման համարելով ամերիկացիների ամոթը, ֆրանսիացիներին էլ մեղադրել է Ռուանդայում և Ալժիրում կոտորածներ իրականացնելու մեջ: «Մենք ի ցույց կդնենք, որ Արևմուտքի անցյալը խտրականության և գաղութատիրության պատմություն է», - սպառնացել է Էրդողանը՝ համոզմունք հայտնելով, թե ցեղասպանություններով ու կոտորածներով լի պատմական անցյալ ունեցողներն իրավունք չունեն արտահայտվելու թուրքական «պանծալի» պատմության մասին:

Ինչպես հայտնում է ռադիոկայանը՝ միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է Թուրքիայի նախագահի հայտարարությանը: Գերմանական Deutsche Welle պարբերականը փաստում է, որ թուրք-ամերիկյան ճգնաժամի պատճառը գլխավորապես ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումն է: «Այն բանից հետո, երբ Թուրքիան գնեց ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ն պատժամիջոցների գնաց, թուրքական կողմն էլ պատասխան քայլերի գնաց: Այժմ Թուրքիան բարձրացնում է խաղադրույքը», - գրում է Deutsche Welle-ը՝ ընդգծելով Ինջիրլիքի ռազմավարական կարևորության և Քյուրեջիքում ՆԱՏՕ-ի ռադարային կայանի տեղակայման մասին:

Ադանա քաղաքից 8 կմ հեռավորության վրա գտնվող Ինջիրլիք ավիաբազայի կառուցումը սկսվել է 1951 թվականին, իսկ 1954-ին թուրք-ամերիկյան համատեղ շահագործման հանձնվել: Քյուրեջիքի բազան ՆԱՏՕ-ի կողմից կառուցվել է 2012 թվականին՝ որպես բալիստիկ հրթիռների հարձակման նախազգուշական ռադար: Պաշտոնական Անկարան առաջին անգամը չէ, որ շահարկում է իր տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների փակման հարցը: Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատացման ֆոնին Թուրքիան քանիցս օրակարգ է բերել Ինջիրլիքի փակման հարցը, բայց այդպես էլ գործնական քայլեր չի ձեռնարկել: Սակայն թուրքական մամուլը նկատել է, որ Ինջիրլիքում այսօր լռություն է տիրում: «Դողան» լրատվական գործակալությունը գրում է, թե առավոտից միայն 2 բեռնատար ինքնաթիռ է վայրէջք կատարել ավիաբազայում, իսկ ռազմական ինքնաթիռների մասով շարժ չկա:

Ինչևէ, այս ֆոնին, քննարկվում է թեման, որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին՝ հնարավոր է համարվում, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը ապրիլքսանչորսյան ելույթում արտասանի «Ցեղասպանություն» եզրույթը: Թուրքիան անշուշտ, աշխատանքներ կիրականացնի, որպեսզի դա տեղի չունենա: Թերևս, դրանով է պայմանավորված, որ Թուրքիան արդեն իսկ սպառնում է փակել Ինջիրլիքում և Քյուրեջիքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2009 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am