Իրաքում կամավորները ԴԱԻՇ-ից նոր տարածքներ են ազատագրել
Իրաքի կամավորական ուժերը կարողացել են հետ մղել ԴԱԻՇ-ի զինյալներին երկրի հյուսիսում գտնվող Էլ-Բաշիր շրջանից, որտեղից ահաբեկիչները գնդակոծում էին հարևան բնակեցված տարածքները թունավոր նյութերով՝ հայտնում է ria.ru-ն: ԴԱԻՇ-ի զինյալները մարտ ամսին մի քանի անգամ թունավոր գազով հրթիռներով ռմբակոծել են հյուսիսում գտնվող Թազա քաղաքը: Քիմիկատներով թունավորումների հետևանքով տուժել են հարյուրավոր մարդիկ՝ զոհվել է 3 երեխա: «Շիա աշխարհազորայինների, թուրքմենական վաշտերի և քրդերի միահամուռ ուժերը ԴԱԻՇ-ի հսկողությունից ազատեցին բնակեցված Էլ-Բաշիր քաղաքը և բարձրացրին այնտեղ Իրաքի դրոշը»,- հայտարարել է աշխարհազորայինների հրամանատարը:
