Պերմյակովն ասել է, որ խղճում է Ավետիսյանների հարազատներին
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին ամբաստանյալին հարցեր են ուղղել դատավորը, տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանները և Պերմյակովի դատապաշտպանը: «Արմենպրես»-ի թղթակիցը դատարանի դահլիճից ներկայացնում է տուժողների իրավահաջորդների փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երեմ Սարգսյանի հարցերն ու դրանց Պերմյակովի տված պատասխանները: -Հոգեբանական ինչպիսի՞ վիճակում ես: -Նորմալ: -«Օդնոկլասսնիկ»-ի սոցցանցի էջը քոնն է: -Այո: -Գրառումները նույնպե՞ս: -Հնարավոր է նաև ուրիշն է արել: -Ինչ-որ մեկին ապացուցելու բան ունե՞ս: -Ոչ մեկին ոչ մի բան չունեմ ապացուցելու: -Սպանվածների հարզատներին ասելիք ունե՞ս: -Ասելու ոչ մի բան չունեմ: -Մարդկանց խղճո՞ւմ ես: -Այո: -Ո՞ւմ ես հիմա խղճում: -Ավետիսյանների հարազատներին: -Գիտակցո՞ւմ ես, որ դուք եք նրանց այդ վիճակում դրել: -Այո: -Եթե հիմա քեզ այստեղից ազատ արձակեին, ի՞նչ կանեիր: -Ես կասեի… բայց չեմ ասի: -Եթե որևէ մեկը քեզ ասեր, որ ինչ-որ մեկը յոթ անձի է սպանել, ինչ կասեիր: -Ես կասեի, որ խելագար է: Բայց պարկերացրեք ես այդպիսին չեմ: -Զղջո՞ւմ ես: -Այո ու դա չեմ ասում զուտ ասելու համար: -Սատանիստական խմբավորման պատկանո՞ւմ ես: -Ոչ: -Ինչո՞ւ ես քմծիծաղ տալիս: -Հարցն է ծիծաղելի: -Դու գրառում ունես սատանայի նամակի հետ կապված: -Գրառումն իմը չէ: Հարցեր ուղղեցին նաև դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանը և դատավոր Հարություն Մովսիսյանը, դատական նիստում եզրափակվեց հարցեր ուղղելու փուլը:
