19:00-ին կրկին հավաք՝ ուժի կիրառումից հետո. Ընդդիմադիրները զիջման չեն գնում

Լարվածությունը Թբիլիսիում շարունակվում է:

Թբիլիսիի ոստիկանությունը երեկ ջրցան մեքենաների, մահակների և այլ միջոցների կիրառմամբ ցրեց Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին, որոնք վրաններ և բարիկադներ էին տեղադրել Ռուսթավելի փողոցում՝ իշխող պատգամավորների մուտքը խորհրդարան արգելափակելու նպատակով։

Մինչ ուժայինների հատուկ գործողությունների մեկնարկը Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ընդդիմության 30 րոպե ժամանակ է տվել տարածքը լքելու համար։ «Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ, խորհրդարանի շենքի հարակից տարածքում հավաքված ցուցարարներին ցրելու ընթացքում ձերբակալվեցին շուրջ 20 հոգի, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներ և իրավապաշտպաններ։

Վրաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվեց անցած շաբաթավերջին՝ իշխող ուժի կողմից ընտրական բարեփոխումների հարցով օրենսդրական նախաձեռնությունը տապալելուց հետո:

Ամռանը Վրաստանում աննախադեպ ցույցերի ֆոնին իշխող ուժի առաջնորդ Բիձինա Իվինիշվիլին խոստացել էր կատարել 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները բացառապես համամասնական ընտրակարգով անցկացնելու մասին ցուցարարների պահանջը: Այս տարվա հունիսին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգություններից հետո Իվանիշվիլին, հանրային անդորրը վերականգնելու նպատակով, նաև խոստացել էր, որ առաջիկա ընտրություններում կվերացվի կուսակցությունների` օրենսդիր մարմնում ներկայացված լինելու համար սահմանված 3-տոկոսանոց շեմը՝ սահմանելով զրոյական ընտրական շեմ:

Նոյեմբերի 14-ին, սակայն, վրացական խորհրդարանի իշխող մեծամասնությունը մերժեց իր իսկ առաջարկած բարեփոխումները, ինչը նշանակում է, որ մեծամասնական ընտրակարգը Վրաստանում կպահպանվի մինչև 2024 թվականը: Սա դժգոհության աննախադեպ ալիք բարձրացրեց հանրության շրջանում, ընդդիմախոսները իշխանություններին մեղադրում են սուտ խոստումներ տալու մեջ:

Վրաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը հանգստյան օրերին շարունակել են բողոքի գործողությունները, վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի մոտ՝ սպառնալով արգելափակել մուտքը և ներս չթողել իշխող ուժի պատգամավորներին խորհրդարանի շենք:

Երեկ նախատեսված էր Տարածաշրջանային քաղաքականության և ինքնավարության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստը, սակայն պատգամավորներից ոչ մեկին չի հաջողվել ներկայանալ դրան, ընդդիմադիր ակտիվիստները նրանց մուտքը արգելափակել են «դավաճան», «ստրուկ» վանկարկումներով:

Բողոքի գործողությունների պատճառ դարձած՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալումից դժգոհ են ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև իշխող ուժի մի խումբ անդամներ, այդ թվում՝ խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, ովքեր քվեարկությունից հետո լքել են խորհրդարանական մեծամասնությունը և օրենսդիր մարմնում զբաղեցրած պաշտոնները:

Իր հերթին, «Վրացական երազանք»-ի առաջնորդը քվեարկության տապալումից հետո շտապեց հայտարարել, թե իր նախաձեռնությունը ձախողել են բացառապես «Վրացական երազանք» խմբակցության մեծամասնական ընտրակարգով ընտրված անդամները:
Ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդուհանդերձ, չեն հավատում, որ իշխող թիմի անդամները սեփական կամքով են «ներկուսակցական ապստամբություն» բարձրացրել: Ընդդիմախոսները համոզված են՝ մեծամասնական պատգամավորների միջոցով Իվանիշվիլին տապալեց ընտրությունների անցկացման՝ իր համար ոչ այնքան ձեռնտու տարբերակը, որին ստիպված էր համաձայնել ներքաղաքական ճգնաժամի պայմաններում:

Ակցիաների ֆոնին իշխող ուժը հայտարարել է՝ մտադիր չեն քննարկել ընտրական բարեփոխումների հարցով ընդդիմության պահանջը: «Ընտրությունները կանցկացվեն գործող Սահմանադրությանը համապատասխան, սահմանված ժամկետներում, բարձրագույն ժողովրդավարական չափանիշներով և միջազգային հանրության ներգրավվածությամբ», - հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ընդդիմադիրներին Կալաձեն հորդորել էր գնալ և պատրաստվել ընտրությունների ու հանրության շրջանում աջակցության բացակայությունը չվերագրել ընտրական համակարգին:

Ինչևէ վրացական ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում և համաձայն չէ բանավեճեր անցկացնել խորհրդարանում. սրանք են 20-ից ավելի ընդդիմադիր կուսակցությունների վերջին խորհրդակցության արդյունքները։ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը նոյեմբերի 18-ին ընդդիմությանն առաջարկել է բողոքի փողոցային ակցիաների փոխարեն քաղաքական բանավեճեր անցկացնել ընտրական համակարգի փոփոխման թեմայի շուրջ:

Բողոքի շարժման ղեկավարները մտադիր են այսօր էլ ակցիա կազմակերպել Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, որտեղ քննվելու է հետաքննության ընթացքում խափանման միջոցը նախօրյակին խորհրդարանի և Ռուսթավելիի պողոտայի ապաշրջափակման գործողության ընթացքում բերման ենթարկվածների նկատմամբ:
Միավորված ընդդիմության հանրահավաքը պլանավորված է ժամը 19:00-ին խորհրդարանի շենքի մոտ: Ընդ որում` քաղաքական կուսակցությունների ղեկավարները հայտարարում են, որ պատրաստ են շարունակել ոչ միայն խորհրդարանի շենքի, այլև պետական այլ հաստատությունների մոտ պիկետները:

«Ահաբեկումն աշխատում է, բայց մենք, միևնույն է, շարունակելու ենք բողոքի ակցիաները, քանի դեռ չեն կատարվել մեր պահանջները»,- ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարներից մեկը՝ Գիգի Ուգուլավան: Իր հերթին եվրոպամետների մեկ այլ ղեկավար՝ Գիգա Բոկերան, նշել է, որ երկխոսության ռեսուրսն սպառված Է: Միևնույն ժամանակ ընդդիմության առաջնորդները նշում են, որ նոյեմբերի 19-ին կհայտարարեն բողոքի ընդգրկուն ակցիայի անցկացման ամսաթիվը և կհրապարակեն ապագայի իրենց պլանները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2151 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am