Պալմիրայի հնագիտական համալիրի հիմնական մասը պահպանվել է
Սիրիական Պալմիրայի հնագիտական համալիրը, չնայած ահաբեկչական խմբավորումների կողմից մեծ վնաս է կրել, հիմնականում պահպանվել է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նման եզրահանգման են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները, ովքեր այցելել էին Սիրիա՝ իրավիճակը գնահատելու համար: «Առաքելությունը եկավ եզրակացություն, որ չնայած Պալմիրայում ավերվել են մի շարք խորհրդանշական հուշարձաններ, բայց հնագիտական համալիրը մածամասամբ պահպանել է իր արժեքն ու իսկությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաշխատի իր գործընկերների հետ, որպեսզի անհապաղ միջոցառումներ ձեռնարկվեն Պալմիրայի պահպանման համար»,- ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ: Առաջին փորձագիտական առաքելությունը գտնվել է Սիրիայում ապրիլի 24-26-ը: Այդ ընթացքում փորձագետերը գնահատել են վնասը, որը հասցրել են ահաբեկիչները Պալմիրայի իսլամական թանգարանին, ուսումնասիրել են մեծ սյունաշարը, Հաղթական կամարի և Բաալշամինա տաճարի ավերակները: Հեռակա ուսումնասիրել են նաև Բել տաճարի ավերակները, քանի որ դեռս այդ տարածք մուտքն արգելված է, շարունավում են ականազերծման աշխատանքները: Ծանոթանալով փորձագետների գնահատականներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր տնօրեն Իրինա Բոկովան հայտարարել է, որ իրենք վճռական են պահպանելու այս և այլ օբյեկտներ՝ համագործակցելով իրենց գործընկերների հետ: ՅՈՒՆԵՍԿՕ-ից նաև հայտնել են, որ մոտ ժամանակներս կազմակերպությունը Սիրիա կուղարկի ևս մեկ միջազգային փորձագետների խումբ, «որպեսզի ավելի մանրամասն ուսումնասիրեն սիրիական մշակութային ժառանագության օբյեկտները, ներառյալ նաև Պալմիրան»:
