Շիրխանյանն ու Մարգարյանն ընդունա՞կ էին հակապետական քայլերի.ոչ մի անհնարին բան չկա
ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում անդրադարձավ նաև Նորք-Մարաշում զինված խմբավորման, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի եւ մյուսների գործերին: «Հատուկ ծառայություններն ու ԱԱԾ գործողությունները լրիվ տեղավորվում են տրամաբանության մեջ: Եթե նրանց կանխարգելիչ գործողությունները չլինեին, մենք դեկտեմբերի մեկին միգուցե լրիվ այլ իրականության մեջ լինեինք»: ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված չի եղել դեկտեմբերի մեկը,հարցրեց լրագրողներից մեկը. «Ապօրինի գործողություններ հատուկ մարմինները չեն արել. բոլոր այն երեւույթները, որոնք հիմա տեղի են ունենում, դրանք բացառապես տեղավորվում են քրեական գործի շրջանակներում, որեւէ քաղաքական պատվեր չկա: Միգուցե լինեն մարդիկ, որոնք պատահականորեն են հայտնվել այդ գործողությունների շրջանակում, թյուրիմացաբար: Քննությունը կպարզի, ու նրանք ազատ կարձակվեն»,-հայտարարեց Իսագուլյանը: Իսագուլյանը հիշեց «Վահան Հովհաննիսյան+30» գործը, որով նա եւս անցնում էր, եւ նշեց, որ այս վերջին երեւույթների հետ կապված բավականին լավ կարող է խոսել, քանի որ նախկինից ելնելով՝ լավ գիտի՝ ինչն ինչպես է արվում. «Մեր գործով էլ կային մարդիկ, որոնք պատահական էին հայտնվել, որոնք հետո ազատ արձակվեցին»: Արդյոք Վահան Շիրխանյանն ու Գառնիկ Մարգարյանն ընդունա՞կ էին հակապետական քայլերի, պարոն Իսագուլյանը պատասխանեց, որ ոչ մի անհնարին բան չկա:
