Ռազմական շփումները կշարունակվեն, բանակցությունները` ո՞չ
Հակասություններ ԵԱՀԿ Մինսկի խմբո՞ւմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, Բաքվում լրագրողներին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն: «Մենք հանդիպել ենք երկու երկրների նախագահների հետ և հիմա փորձում ենք նախագահների հանդիպում կազմակերպել», ասել է Անդրիոն` հավելելով. «Կրակի դադարեցման ռեժիմը չպետք է խախտվի և անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել բանակցային գործընթացը»: Ուշագրավն այն է, որ ֆրանսիացի համանախագահի հայտարարությունները հակասում են ՄԽ-ի մեկ այլ համանախագահի` ամերիկացի Ջեյմս Ուորլիքի վերջին հարցազրույցներում հնչած մտքերին: Ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, Ուորլիքն ասել էր, թե ոչ միայն նախագահների, այլև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում այս պահին դեռ չի նախատեսվում: «Մենք մշտական կապի մեջ ենք նախարարների հետ, որպեսզի համանախագահների հովանու ներքո սկսենք բանակցությունները։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հանդիպել նախարարների հետ». - ասել էր ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահը: Միջնորդների այս իրարամերժ հայտարարությունների ֆոնին, սակայն, Լեռնային Ղարաբաղի շուրջ կուլիսային շփումները ակնհայտորեն չեն դադարում: Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև: «Զրույցի ընթացքում Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ թեմաները, մտքեր են փոխանակել ղարաբաղյան կարգավորման հեռանկարների ինչպես նաև հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված գործողությունների մասին». - նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում: «Ոչ մի խնդրանք չի եղել» Ակտիվ հայտարարություններով է հանդես գալիս նաև Մոսկվան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ օգնության խնդրանքով։ «Ոչ մի խնդրանք չի եղել», - ընդգծել է Բորդյուժան՝ հավելելով, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ շփումների ժամանակ Հայաստանը հասկացրել է, որ «մեծ հաշվով, իր ունեցած ներուժի մեծ մասը գործի չի դրել», այդ պատճառով էլ որևէ խնդրանք չի եղել։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք փաստը, որ ԼՂ-ն միջազգային իրավունքին համապատասխան Հայաստանի մաս չի կազմում, նշանակում է, որ ՀԱՊԿ ուժերը կարող են Հայաստանին պաշտպանության հասնել միայն նրա՝ միջազգային ճանաչված սահմանների վրա հարձակման ժամանակ, Բորդյուժան պատասխանել է. - «Այո, ճիշտ եք հասկացել»։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միևնույն ժամանակ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանում իրավիճակը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման առումով։ «Եթե տեղի ունենա ռեցիդիվ, կգա մի փուլ, երբ մենք կտեսնենք ակտիվ և անմիջական հակամարտություն, ինչը «կպայթեցնի» ողջ Կովկասը: Այդ ժամանակ այդ հակամարտության մեջ կներգրավվեն շատ այլ պետություններ, ինչն էլ կանդրադառնա Կովկասի շատ ժողովուրդների վրա», - ասել է Բորդյուժան՝ կարևորելով խաղաղության ապահովումը. - «Հակառակ պարագայում Կովկասում շատ մեծ պատերազմ կլինի: Ես դա չէի ցանկանա»։ ՌԴ-ն շահագրգռված է, որ իր դաշնակիցները ժամանակակից զենք ունենան Ռուսաստանը շահագրգռված է, որ իր դաշնակիցներն ու գործընկերներն ունենան կոմպակտ, բարձր շարժունակությամբ օժտված, ժամանակակից զենքով ու տեխնիկայով հանդերձված զինուժեր, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Մենք շահագրգռված ենք, որ մեր դաշնակիցներն ու գործընկերներն ունենան կոմպակտ, բարձր շարժունակությամբ օժտված, ժամանակակից զենքով ու ռազմական տեխնիկայով հանդերձված զինված ուժեր, որոնք ընդունակ կլինեն հուսալիորեն և արդյունավետորեն դիմակայել ազգային անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին: Մեր գործողությունների տրամաբանությունը պարզ է ու հասկանալի. ՀԱՊԿ-ի սահմանների ամրապնդումը նշանակում է Ռուսաստանի անվտանգության ուժեղացում»,-ասել է Շոյգուն միջազգային անվտանգության հարցերին նվիրված մոսկովյան հինգերորդ խորհրդաժողովում ունեցած ելույթում: ՌԴ պաշտպանության նախարարը նաև նշել է, որ գերակայություն է համարում ռազմական համագործակցությունն ԱՊՀ-ի հետ, ՀԱՊԿ-ի և Բելառուսի հետ միութենական պետության ռազմական բաղադրիչի զարգացումը: ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև ռազմական շփումների շարունակումը: Նա հավելել է, որ բարձր մակարդակի հանդիպման մասին խոսակցություններ չկան: «Ես դեռ չեմ լսել նման հանդիպման նախապատրաստության մասին՝ հաշվի առնելով, որ հակամարտության գոտում տեղի է ունեցել լարվածության բռնկում: Դա խստապես հետ է մղել կողմերի միջև ուղիղ երկխոսության գործընթացը: Եվ այնուամենայնիվ, ՌԴ-ի միջնորդությամբ հաջողվեց հասնել դիմակայության դադարեցմանը»: Ըստ ամենայնի, խոսքը լինելու է զինվորականների միջև շփումների շարունակման մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են հանդես գալ Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին զեկույցով: Համանախագահներն ապրիլի 20-ին եղել են գործող նախագահի մոտ, զեկուցել են իրավիճակի մասին, իսկ ապրիլի 6-9-ը նրանք եղել են տարածաշրջանում: Ակնկալվում է, որ նրանք կարող են Վիեննայում հանդես գալ հետագա գործողությունների մասին զեկույցով: Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում դեռ չի մշակվում, սակայն կողմերի միջև ռազմական գծով շփումները Մոսկվան չի բացառում: Թամար Բագրատունի
