Մարգվելաշվիլին ներում է շնորհել
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փաստաթուղթ է ստորագրել 95 դատապարտյալի համաներման մասին, որոնք պատիժը կրում են ազատազրկման վայրերում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարին առընթեր գործող համաներման հարցերի հանրային հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն: Նա հայտարարել է, որ «նախագահի կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն՝ 95 ներվածներից 69-ն այսօր իսկ կլքեն ազատազրկման վայրերը, մնացած 26 դատապարտյալների բանտարկության ժամկետը կրճատվել է»: Կորիձեի հայտարարության համաձայն՝ ներման արժանացածների թվում կա 12 կին և 4 անչափահաս: Կորիձեն նշել է, որ համաներման մասին որոշումը նախագահն ընդունել է վերոհիշյալ հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա: Համաներման այդ փաստաթուղթն ընդունվել է Զատկական տոնի (մայիսի 1) կապակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
