Ադրբեջանը ստիպված է լինելու վերադառնալ բանակցային սեղանին. Է. Նալբանդյան
Ադրբեջանի սանձազերծած պատերազմն առաջին հերթին նրա պատճառով էր, որ Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ասաց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի այն հարցին, թե չի կարծո՞ւմ, որ պատերազմ վերսկսելու հիմնական պատճառներից մեկն էլ ռուսական կողմից Հայաստանին տրամադրվելիք ռազմական տեխնիկայի ուշացումն էր, որից օգտվեց Ադրբեջանը: «Այն, ինչ-որ փորձում էին ադրբեջանցիները՝ իրենց համար բարենպաստ իրավիճակ ստեղծել բանակցային սեղանի շուրջ, բացարձակապես չստացվեց, որովհետև գիտեք, որ բանակցությունների համար հիմնախնդրի կարգավորման հիմնական փաստաթղթերը եռանախագահող երկրների՝ միակ միջազգային մանդատ ունեցող երեք երկրների նախագահների մակարդակով արված 5 հայտարարություններն են, որոնց մինչև հիմա Ադրբեջանը չի ուզում հղում կատարել և ձևացնում է, թե տեղյակ էլ չէ, թե խոսքը ինչի մասին է, կամ բավականին աղավաղված ներկայացնում է փաստաթղթերը, որոնք եղել են աշխատանքային փաստաթղթեր»,-ասաց նախարարը: Ըստ նրա՝ վերջերս լսել է նույն ադրբեջանական կողմից, որ 2009թ-ից որևէ աշխատանքային փաստաթուղթ չի ներկայացվել եռանախագահների կողմից բանակցությունների ընթացքում: «Բա ինչ՞ էին քննարկում եռանախագահները, նաև նախագահների մակարդակով՝ ներառյալ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ քննարկումներին, կամ ինչի՞ մասին էին քննարկում բազմաթիվ քննարկումների ժամանակ արտաքին գործերի նախագահների հանդիպումներին և եռանախագահների այցի ժամանակ տարածաշրջան: Այսինքն՝ ակնհայտ է, որ ձախողվեցին և փորձեցին ինչ-որ առավելություն ստանալ ռազմական գոտում և նորից ձախողվեցին»,-ասաց նա: Էդվարդ Նալբանդյանը նշեց, թե իհարկե Ադրբեջանը ստիպված է լինելու վերադառնալ բանակցային սեղանին, որովհետև այլընտրանք չկա:
