Հայոց Ցեղասպանությունը՝ Թրամփ-էրդողան հետագա հարաբերությունների արանքում. Կհաղթի՞ աշխարհաքաղաքական պրագմատիզմը

Եզակի դեպք, երբ դեմոկրատներն ու հանրապետականները համակարծիք են, - այսպիսին է ամերիկյան մամուլի գնահատականը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկությանը, երբ ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը «Բանաձևի ընդունումը Կապիտոլիումում արձանագրված երկկուսակցական փոխհամաձայնության եզակի մի օրինակ էր: Դա տեղի ունեցավ իմպիչմենթի հիմքերի հետաքննության ֆոնին, երբ պառակտումը երկու կուսակցությունների միջև է՛լ ավելի է խորացել», - գրել էր The New York Times-ը: «Երբ բանաձևն ընդունվեց, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացված ամենաբարձրաստիճան հանրապետականը` Տեքսասից ընտրված Մայքլ ՄըքՔոուլը, որ վերջին շաբաթներին դեմոկրատների հետ իմպիչմենթի թեմայով թեժ բանավեճերի մեջ է, հատեց դահլիճը, գրկախառնվեց խոսնակ Նենսի Փելոսիի հետ և սեղմեց Ադամ Շիֆի ձեռքը», - գրում է The New York Times-ը:

Հիշեցնենք, Լոս Անջելեսի հայկական շրջաններից ընտրված Ադամ Շիֆը Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացի գլխավոր նախաձեռնողներից մեկն է: Անդրադառնալով քվեարկությանը՝ թերթը նաև գրում է․ - «Սիրիայի հյուսիսում Թուրքիայի արյունալի հարձակումների ֆոնին որոշ օրենսդիրներ մտահոգիչ զուգահեռներ են անցկացնում Հայոց ցեղասպանության և քրդական ուժերի կողմից հնչեցվող դառնագին զգուշացումների միջև, որոնց համաձայն՝ ամերիկյան զորքերի դուրսբերումը կարող է հանգեցնել էթնիկ զտումների»:

«Բանաձևի շուրջ ողջ դինամիկան փոխեց նախագահ Թրամփը` ընդամենը մեկ հեռախոսազանգով, երբ առանց Կոնգրեսի հետ խորհրդակցելու, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ զրույցի ժամանակ համաձայնեց դուրս բերել ամերիկյան ստորաբաժանումները Հյուսիսային Սիրիայից` հնարավորություն տալով թուրքերին գրոհել տարածաշրջանում ամերիկացիների գլխավոր դաշնակիցը հանդիսացող քրդերի հենակետերը», - գրում է The Washington Post-ը:

Թերթի գնահատմամբ՝ բանաձևի ընդունումը վկայեց, որ թուրքական կողմի տարիներ շարունակ ձեռնարկած հակաքայլերը արդյունավետ չէին: «Այս անգամ հանրապետականներից միայն 11-ը ականջալուր եղան [բանաձևի ընդունման դեմ հնչող փաստարկներին]: Նրանց մեծամասնությունը Սպիտակ տան ամենահավատարիմ դաշնակիցներն էին», - ըստ «Ազատության»՝ գրում է The Washington Post-ը՝ նշելով, որ դրանցից մեկը Ներկայացուցիչների տան նորաթուխ անդամ, փոխնախագահ Մայք Փենսի եղբայր Գրեգ Փենսն է:

Թրամփին աջակցող լրատվամիջոցները քննադատում են դեմոկրատ կոնգրեսականներին, որոնք ձեռնպահ էին քվեարկել: Քննադատության հիմնական թիրախը Մինեսոտայից ընտրված կոնգրեսական, սոմալիական ծագում ունեցող 38-ամյա Իլհան Օմարն է: «Իր դիրքորոշումը հստակեցնող հայտարարության մեջ Օմարն անգամ կասկածի տակ է առնում մեկ դար առաջ օսմանցի թուրքերի կողմից հայերի սպանությունների փաստը», - գրում է Fox News-ը: «Ցեղասպանության համար պատասխանատվությունը և դրա ճանաչումը չպետք է քաղաքական պայքարի առարկա դառնան: Դրանք պետք է հիմնված լինեն գիտական կոնսենսուսի վրա` աշխարհաքաղաքական քաշքշուկից հեռու», - Օմարի խոսքերն է մեջբերում Fox News հեռուստակայանը: The Boston Globe-ի գնահատմամբ ևս՝ Սպիտակ տան վերջին գործողությունները դարձան այն հիմնական խթանը, որի շնորհիվ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, ի տարբերություն նախորդ տարիների, Կապիտոլիումում լուրջ հակազդեցության չարժանացավ:

«Ընդամենը մի քանի շաբաթում Թրամփի կողմից քրդերին լքելու հետևանքով ծագած ցասումը հանգեցրեց հանրապետականների և դեմոկրատների հազվադեպ միավորման», - գրում է The Boston Globe-ի հոդվածագիրը: «Չնայած ցեղասպանության ճանաչման բանաձևը Սենատի օրակարգում ընդգրկելու ծրագրեր առայժմ չկան, այնուհանդերձ, 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ քվեարկությունը շատ լուրջ մի ուղերձ էր», - կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքերն է մեջբերում The Los Angeles Times-ը: «Այսօր թուրքական լոբբին շատ քիչ բարեկամներ ու դաշնակիցներ ունի», - Շիֆի խոսքերն է մեջբերում թերթը:

«Տարիներ շարունակ թուրքական կառավարությունը հաջողությամբ էր կիրառում լոբբիստական ջանքերը` կանխելով կոնգրեսական բանաձևերի ընդունումը», - գրում է USA Today պարբերականը` հիշեցնելով «ազդեցության բարդ լծակների վրա հիմնված այն արշավների մասին, որոնց թիրախում ԱՄՆ նախագահներն ու օրենսդիրներն էին»: Այդ ամենը, սակայն, պարբերականի գնահատմամբ, այլևս անցյալում է:

«Ամերիկյան պատժամիջոցները և ցեղասպանության բանաձևը կրկնակի հարված դարձան Թուրքիայի համար», - USA Today-ի հետ զրույցում նշում է Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բյուլենթ Ալիռիզան: The Wall Street Journal-ը մեջբերում է հայկական և ասորական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուի` քվեարկությունից անմիջապես հետո Twitter-ում արած գրառումը: «Ես այս օրվան սպասել եմ 27 տարի` Կոնգրեսի անդամ ընտրվելու պահից», - գրել է Էշուն:

ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողջունել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ «Ողջունում եմ Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923թթ. հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը: Ընդունելով ցեղասպանության փաստը՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին և երդվում՝ այլևս երբեք»,- գրել է նա իր թվիթերյան էջում:
Ռուս փորձագետները և անդրադառնում են բանաձևի ընդունմանը: Արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծիք է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում անցկացված քվեարկությունը մասամբ ուղղել է Հայոց ցեղասպանության չճանաչման հետ կապված անարդարությունը։ Փորձագետի կարծիքով՝ բանաձևի հետագա ճակատագիրը՝ հնարավոր քվեարկությունը Սենատում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը բանաձևին, կախված կլինի ամերիկյան քաղաքականության իրողություններից։ «Ամեն դեպքում թուրք-ամերիկյան հարաբերությունների կտրուկ վատթարացումը և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարդ անձնական հարաբերությունները և՛ նախագահ Օբամայի, և՛ Թրամփի հետ որոշ հավանականություն են ստեղծում, որ արդարությունը կհաղթանակի»,- ասել է Սատանովսկին։ Նրա խոսքով՝ Ցեղասպանության հարցում արդարությունը կհաղթանակի ոչ թե այն պատճառով, որ այդպես պետք է լիներ, այլ որովհետև այդպես են դասավորվում հանգամանքները։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 878 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am