Գառնիկ Մարգարյանը ցուցմունք է տվել. ինչ է պատմել նա հանցավոր խմբի մասին (մանրամասներ)
Երեկ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ իրեն զանգահարել եւ հանդիպում է խնդրել Արթուր Վարդանյանը: Նրանք մի քանի անգամ հանդիպել են ու բոլոր հանդիպումների ժամանակ ընդամենը խոսել են արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի շուրջ, իսկ ներքաղաքական, առավելեւս՝ ինչ-որ հեղաշրջման կամ ահաբեկչությունների հետ կապված բացարձակապես որեւէ զրույց չեն ունեցել: «Գառնիկ Մարգարյանը նաեւ ժխտել է, որ ինքը որեւէ զենք, զինատեսակ է տրամադրել այդ անձնավորությանը եւ ընդհանրապես որեւէ մեկին: Ինքը հայտնեց, որ հարուստ կենսագրություն ունի, միշտ նվիրված է եղել պետականությանը, եղել է պաշտոնատար անձ, ժամանակին եղել է թե КГБ-ի, թե МВД-ի սպա, վարել է բարձր պաշտոններ, շատ լավ է գիտակցում, հասկանում է, առավելեւս մեր օրերում, երբ մենք անկախ պետություն ենք ու անկախ նրանից, թե իշխանությանը ովքեր են, ինքը միշտ կողմնակից է եղել օրենքին եւ Սահմանադրությանը, ժողովրդավարության պայմաններում իրավունքի գերակայությանը եւ բացառված է ու հնարավոր էլ չէ, չի հասկանում՝ ինչպես մարդու մտքով կարող է անցնել, որ ինքը, հնարավոր է, որեւէ մեկին զենք տրամադրեր՝ անկախ պատճառից»,- մեզ հետ զրույցում ասաց Արսենյանը: Մեր հարցին՝ մասնավորապես արտաքին քաղաքական կոնկրետ ի՞նչ հարցերի մասին են եղել Գառնիկ Մարգարյանի եւ Արթուր Վարդանյանի զրույցները, Արսենյանը պատասխանեց. «Մասնավորապես Թուրքիայի զարգացումների, Սիրիայի, Թուրքիայի նկրտումների, Նախիջեւանի ու Արցախի հարցերի շուրջ»: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասել է, թե իր համար ընդհանրապես անհասկանալի է մնում՝ ինչ է իրենից ներկայացնում վնասազերծված զինված խումբը: «Կա պաշտոնական տեղեկատվություն, որ ապրիլից վերահսկում են այդ խմբին: Իմ մեջ տպավորություն է, որ այդ խումբը վերահսկվել եւ ուղղորդվել է ԱԱԾ-ի կողմից եւ թիրախավորված ինչ-որ մարդկանց հետ հանդիպումներ են ունեցել այդ խմբի լիդերները: Հանդիպում ունեցողները, հավանաբար, այսօր պոտենցիալ հանցակից են համարվում»,- ասել է Մակեյանը: Փաստելով, որ Մարգարյանին ճանաչում է շուրջ 20 տարի եւ այդ ընթացքում քաղաքական տարբեր ֆորմատներում համագործակցել է նրա հետ, Մակեյանը վստահեցրել է, որ հնարավոր չի, որ Գառնիկ Մարգարյանը մեր պետականության, ժողովրդի դեմ որեւէ բացասական բան աներ: Նույնը, ըստ Մակեյանի, վերաբերում է Գառնիկ Մարգարյանի հետ երեկ ձերբակալված «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանին: Հետաքրքիր է, որ իր ձերբակալությունից ընդամենը 2 օր առաջ Վլադիմիր Առաքելյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում խոսում էր վնասազերծված խմբի մասին եւ այդ գործով ձերբակալված անդամների մասին: «Թող իշխանությունը լավ իմանա, առաջինը՝ հանցավոր խումբը ինքն է, որովհետեւ եթե ինքը հանցավոր խումբ չլիներ, էսօր հանցախումբ չէր լինի Հայաստանում»,- ասում էր Առաքելյանը: Հիշեցնենք, երեկ հերթական աղմկոտ ձերբակալությունները տեղի ունեցան, որոնք առնչություն ունեն նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայության կողմից Երեւանում մեծ շուքով վնասազերծված կազմակերպված հանցավոր խմբի հետ: Ձերբակալվեցին «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը: Ըստ ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության, նրանք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով: ԱԱԾ հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ ձերբակալվածների բնակարանում եւ Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ (ըստ հարազատների, Մարգարյանի տնից առգրավվել է երկու որսորդական զենք, որոնք օրինական են եղել)։ Այսպիսով, սույն գործով անազատության մեջ գտնվողների պաշտոնապես հրապարակված թիվը հասավ 24-ի: Իրականում, ինչպես տեղեկացրել ենք, խոսվում է մի քանի տասնյակ կալանավորվածների մասին: Հիշեցնենք, դեկտեմբերի 19-ին նույն մեղադրանքով ձերբակալվեց ՀՀ ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, դրանից առաջ մեկը մյուսի հետեւից կալանավորվել էին ազատամարտիկներ Խաչիկ Ավետիսյանը եւ Էդուարդ Ներսիսյանը (Ապարը): Նրանք երկուսն էլ «Ազատամարտիկների դաշինքի» անդամ են: Նույն դաշինքից է նաեւ երեկ ձերբակալված Վլադիմիր Առաքելյանը, որը նաեւ «Մեծն Տիգրան» գնդի հրամանատարն է: Իսկ նոյեմբերի 27-ին նշված գործի շրջանակներում կալանավորվեց միանգամից 21 հոգի: ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ ԱԱԾ-ի տվյալներով՝ նշված խումբը ծրագրել է սպանություններ կատարել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Երեւանում: Նա նաեւ հայտնել էր, որ խումբը տասնյակ հազարավոր դոլարների ֆինանսավորում է ստացել, եւ ԱԱԾ-ն փորձում է բացահայտել ֆինանսավորման աղբյուրը: Իսկ մամուլում հրապարակումներ եղան, որ խմբի գործողություններն ուղղված են եղել պետական կառույցներին՝ նախագահական նստավայր, Ազգային ժողով, կառավարություն, Սահմանադրական դատարան: Գրվեց նույնիսկ, թե ծրագրված է եղել դեկտեմբերի 1-ին պայթեցնել Սերժ Սարգսյանին Ֆրանսիա տեղափոխող նախագահական ինքնաթիռը: Իրավապահները որեւէ կերպ չեն արձագանքել այս հրապարակումներին, ոչ հաստատել են, ոչ էլ, առավել եւս` հերքել: Կալանավորվածներից շատերի փաստաբանների կամ հարազատների միջոցով, սակայն, տեղեկություն է ստացվել, որ նրանք չեն ընդունում իրենց պաշտոնապես առաջադրված մեղադրանքները: Երեկ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որը, ի դեպ, 72 տարեկան է, եւ ըստ կնոջ` Դոնարա Մարգարյանի, վատառողջ, որդուն հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Նախկինում նման հայտարարություն է արել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը:
