Օսկանյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին
Լրագրողների հետ զրույցում ԱԳ նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարդան Օսկանյանը նշեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի իր նորաստեղծ կուսակցության հետ: Նա հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը ապրիլյան պատերազմին Արցախ չի այցելել: Հարցին, թե պահանջելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, նշեց, որ ոչ: «Ես 25 տարվա իմ քաղաքական գործունեության մեջ որեւէ մեկի հրաժարականը չեմ պահանջել, դա արդեն նշանակողների խնդիրն է, նրանք պետք է գիտակցեն` ով ինչ է արել եւ համապատասխան քայլեր անեն: Ես իմ կյանքում երբեք դա չեմ արել եւ չեմ պատրաստվում դա փոխել»,- հայտարարեց Վ. Օսկանյանը: Նրա խոսքով, իրենց ծրագրերը էապես տարբերվում են իշխող ուժից, այսօր ժողովուրդն այլընտրանք է փնտրում և եթե հաջողվի այլընտրանքը լինել, ապա իրենց հետ համախոհ ուժերի հետ կոալիցիա կկազմեն եւ ծրագրերը կիրականացնեն:
