Վրե՞ժ եք լուծում
«Սուտը մնում է սուտ, եթե ստերից մեկը հիմնավորում եք, դա չի նշանակում է, որ այն դադարում է սուտ լինելուց: Դուք մտածում եք մի նախագիծ, որ հարյուր տոկոսով կանտրոլ անեք»,-ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Գյումրիում ու Վանաձորու նախատեսվող ՏԻՄ ընտրություններից խոսելով հայտարարեց. «Փոխանակ Երեւանը գնաք շտկեք, հիմա էլ փորձում եք Գյումրին ու Վանաձորում ամեն ինչ իրար խառնել: Կոռուպցիան միանգամից եռապատկում եք հանրապետությունով մեկ: Վրե՞ժ եք լուծում այս երկու քաղաքներից, որ վերջին համապետական ընտրություններին դեմ են քվեարկել ձեզ: Այո, վրեժ եք լուծում»: «Այսպիսի ԸՕ-ի մենք կատեգորիկ դեմ ենք: Միայն դեմ լինելով հնարավոր կլինի սրա դեմն առնել: Այս ԸՕ-ով դուք նաեւ մտնում եք մեր դաշտը, որոշեք՝ ընդդիմությունից ով անցնի, ոնց անցնի, նույնիսկ՝ կուսակցության միջից ով անցնի: Ոչ մի տրամաբանության չենթարկվող փաստարկներ եք բերում՝ պուճուր բանը դարձնելով մեծը, մեծը՝ պուճուր. տեղը, ոտը, գլուխը խառնել եք իրար: Սա այն դեպքն է, երբ միահամուռ կանգնենք դեմ, ինչպես երեկ եղավ «Հրազդան ցեմենտ»-ի պարագայում, կստանանք այն, ինչ ուզում ենք»,-ընդգծեց նա,ինչին ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց.«Շնորհակալություն, պարոն Բագրատյան, ինչպես միշտ կոլորիտային ելույթի համար»: Հաջորդ ելույթ ունեցող ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, արձագանքելով Հրանտ Բագրատյանին, հայտարարեց. «Գյումրիի ու Վանաձորի մասին խոսում են մարդիկ, որոնք իրենց պաշտոնավարման ժամանակ որեւէ բան չեն արել այդ քաղաքների համար: Դրա համար էլ երեւի լքեց դահլիճը: Ձեզ չի հաջողվի ունենալ երեւանյան պառլամենտ»: Նա անդրադարձավ ՀԱԿ նախաձեռնությանը. «4+4 չգիտեմ՝ էլ ինչքան պլյուս ուզում է լինել… Այն տապալվեց, քանի որ իրենք իրենց ամբիցիաների մասին էին միայն մտածում: Դա ընդամենը ձեւ էր, դրա համար էլ հիմա չեն մասնակցում այս քննարկումներին»:
