Այս գիշեր հնչած կրակոցների հետևանքով ունենք 3 վիրավոր. մեկի վիճակը ծանր է
Այս գիշեր հակառակորդի կրակոցների հետևանքով ունեցել ենք վիրավորներ,լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն ասաց, որ շփման գծում կրակոցների հետևանքով 3 զինծառայող է վիրավորվել:
«Վիրավորներից մեկի վիճակն է գնահատվում ծանր, սակայն ոչ թե, որ կյանքին է վտանգ սպառնում, այլ վիրավորման ծավալով է ծանր: Բեկորային վնասվածք է ստացել ազդրի հատվածում: Ընդհանուր առմամբ՝ վերջին երկու օրերի ընթացքում կյանքին վտանգ սպառնացող վիրավորում չունենք»,-ասաց նա՝ հավելելով, որ քառօրյա պատերազմից հետո առաջնագծում վիրավորվածների թիվը հասնում է 34-ի:
Ինչ վերաբերում է ապրիլի 1-4-ը գրանցված 125 վիրավորներին, ապա, Խաչատրյանի խոսքով, նրանցից 87-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, ծայրահեղ ծանր է շարունակում մնալ 3-ի վիճակը, իսկ 5 հոգու կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել: Կամավոր Խաչատրյանը չկարողացավ ասել, թե վիրավորներից քանիսն են հաշմանդամություն ձեռք բերել. այդ մասին դեռ վաղ է խոսել:
