Նաղդալյանի հետագա պաշտոնավարումը հակասում է Արցախի ու ողջ հայության շահերին. «Ազգային վերածնունդ»
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է Հերմինե Նաղդալյանի պարտվողական եւ զիջողական արտահայտությունները, համարում, որ դրանք վիրավորում են Արցախի ժողովրդի արժանապատվությունը եւ լկտիացնում Ադրբեջանին իր ագրեսիվ նկրտումներում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցությունը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «2016թ. ապրիլի 25-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքի նկատմամբ թույլ է տվել անընդունելի արտահայտություններ: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է Հերմինե Նաղդալյանի պարտվողական եւ զիջողական արտահայտությունները, համարում, որ դրանք վիրավորում են Արցախի ժողովրդի արժանապատվությունը եւ լկտիացնում Ադրբեջանին իր ագրեսիվ նկրտումներում: Պարտվողական եւ զիջողական հայտարարությունները թիկունքից հարված են սահմանին կանգնած հայ զինվորին, Արցախի տարբեր շրջաններում ապրող քաղաքացիներին եւ թերբնակեցված շրջաններում իրականացվող ներդրումային ծրագրերին: Նման հայտարարությունները արհամարհանք են Հայրենիքի ազատագրության եւ պաշտպանության համար զոհվածների հիշատակի նկատմամբ: Կուսակցությունը համարում է, որ Հերմինե Նաղդալյանի հետագա պաշտոնավարումը որպես ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար հակասում է Արցախի եւ համայն հայության շահերին»: Նշենք, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է 2013թ. եւ 2015թ. մայիսին կայացած Արցախի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում դարձել է խորհրդարանական կուսակցություն՝ ձեւավորելով «Վերածնունդ» խմբակցությունը:
