Մի՞թե հարկավոր է պարտադիր հայ լինել՝ պաշտպանելու համար Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցը.Ամալ Քլունի
BBC-ին տված հարցազրույցում հայտնի փաստաբան Ամալ Քլունին, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացնելու է ադրբեջանցի ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը հայտարարել է.«Մի՞թե հարկավոր է պարտադիր հայ լինել՝ պաշտպանելու համար Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցը:Ադրբեջանի կառավարամետ ԶԼՄ-ների կողմից իմ դեմ ձեռնարկվող հարձակումների ողջ իմաստը հետևյալն է՝ եթե ինչ-որ մեկը գործ է վարում Ադրբեջանի դեմ, ուրեմն հաստատ պետք է հայկական ծագում ունենա: Դա պարզապես ծիծաղելի է: Գիտեք, ես դատարաններում ներկայացրել եմ բազմաթիվ երկրների շահեր, օրինակ՝ Կամբոջայի կամ նույն Հայաստանի: Այդ ամենը, սակայն, ոչ մի կապ չունի ազգային պատկանելության հետ: Ազգությունը ոչ մի նշանակություն չունի»: Ինչ վերաբերում է Խադիջա Իսմայիլովայի գործին, ապա Ամալ Քլունին բացատրել է, թե ինչու է համաձայնել զբաղվել այդ գործով: «Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է, սակայն դիմում է այդպիսի աղաղակող քայլերի՝ ազատազրկելով լրագրողին, որպեսզի նա չկարողանա ասել ճշմարտությունը: Դա ինձ պարզապես վրդովվեցրեց, ու ես սկսեցի մտածել, թե ինչ կարող եմ անել նրան օգնելու համար»,- ասել է ճանաչված փաստաբանը: «Խադիջա Իսմայիլովան, երևի թե, մինչ օրս ազատազրկության մեջ գտնվող ադրբեջանցի ամենահայտնի քաղբանտարկյալն է»,- հավելել է նա: Հայտնի է, որ նա և Նանի Յանսենը կներկայացնեն Իսմայիլովայի շահերը ՄԻԵԴ-ում, որտեղ մոտ ժամանակներս կկայանան գործով լսումները:
