Պուտինն ու Էրդողանը կրկին հանդիպում են՝ Թրամփի իմփիչմենթի ֆոնին

Այսօր Սոչիում սիրիական ճգնաժամն են քննարկում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը ու Ռեջեփ Էրդողանը: Թուրքիայի նախագահը Սոչի է ժամանել մեկօրյա աշխատանքային այցով: Այցի որոշ մանրամասներ երեկ հայտնեց Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքով՝ Սիրիայից բացի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները:

Հնարավոր է՝ Պուտինն ու Էրդողանը նաև առանձնազրույց ունենան, ասել է Ուշակովը՝ հավելելով, թե նախատեսված են բանակցություններ ոչ շատ մեծ կազմով, որոնց հետևելու է աշխատանքային ճաշը:

Ռուսաստանի նախագահի օգնականն ընդգծել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները լավ են զարգանում, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճում է: Հիմնականը այսօրվա բանակցություններում, իհարկե, սիրիական ճգնաժամն է:

Պաշտոնական Անկարան չի բացառում, որ թուրքական բանակի հարձակումը Սիրիայի հյուսիսում կարող է շարունակվել արդեն առաջիկա օրերին: «Այժմ Սիրիայի հյուսիսում 120 ժամ տևողությամբ հրադադար է հաստատվել: Այդ հրադադարի զգալի հատվածն արդեն անցյալում է: Վաղը ես մեկնում եմ Սոչի: Նախագահ Պուտինի հետ մենք կքննարկենք ծավալվող պրոցեսները, ինչից հետո, Աստված տա, կդիմենք անհրաժեշտ քայլերի», - երեկ հայտարարել էր Էրդողանը:

Պաշտոնական Մոսկվան, իր հերթին, այսօր կայանալիք բանակցությունների նախօրեին իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի գործողությունների առնչությամբ: Մասնավորապես, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախօրեին Պեկինում Սյանշանյան համաժողովում իր ելույթում ասել է, թե Թուրքիայի գործողությունների հետևանքով Սիրիայում արտասահմանցի գրոհայիններով 12 բանտ մնացել են առանց պաշտպանության, ինչը կարող է բերել ահաբեկիչների «հակադարձ գաղթի իրենց պատմական հայրենիք»: Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է արել համախմբել ջանքերը՝ ահաբեկիչների մարտահրավերներին, նրանց գաղափարախոսությանը և քարոզչությանը դիմակայելու համար:

Իսկ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայում կարող են վնաս հասցնել այդ երկրում քաղաքական կարգավորման գործընթացին, հավելելով, թե Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցող զարգացումները չափազանց անհանգստացնում են Ռուսաստանի ղեկավարությանը: Էրդողանը երեկ հայտարարել է նաև, որ քրդական ուժերի հետ բանակցությունները բացառված են: Մոսկվան էլ, հիշեցնենք, պարբերաբար հայտարարում է, որ պետք է բացառել բախումները Սիրիայի կառավարական բանակի և թուրքական բանակի միջև:

Էրդողանը ճեպազրույցում Սոչի մեկնելուց առաջ անդրադարձել է թեմային, թե որ դեպքում Թուրքիան կվերսկսի ռազմական գործողությունը Սիրիայում: «Եթե Միացյալ Նահանգները չկատարի մեր երկրին տված խոստումը, մենք կշարունակենք օպերացիան՝ ավելի վճռական կերպով»,-ասել է Թուրքիայի նախագահը: Խոսելով խոստումների մասին՝ Էրդողանը նկատի ունի 120 ժամվա ընթացքում քրդական միավորներին Սիրիայի հյուսիս-արևելքից դուրս բերելու Միացյալ Նահանգների հայտարարությունը: Այս հարցի շուրջ Անկարան և Վաշինգտոնը պայմանավորվել են հոկտեմբերի 17-ին: Միևնույն ժամանակ քրդերը քննադատել են Սիրիայում 30 կիլոմետրանոց խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը: Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ահաբեկիչներից մաքրել է ավելի քան 2000 քառակուսի կիլոմետր տարածք, ոչնչացվել է 775 գրոհային: Նա վստահեցրել է, որ Ռուսաստանի նախագահի հետ համաձայնեցրել է «ահաբեկչության դեմ պայքարի յուրաքանչյուր կետ»:

Ինչևէ, Վաշինգտոնը` երկու ճգնաժամերի արանքում. Մեկը ԱՄՆ նախագահին իմփիչմենթի ենթարկելու գործընթացն է, մյուսը Սիրիան: Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս բերելու որոշումը ԱՄՆ-ի նախագահն արդարացնում է, ասելով, թե այդ ուժերն այնտեղ պիտի մնային երեսուն օր, սակայն մնացին տասը տարի: Ինչ վերաբերում է իր դեմ սկսված իմփիչմենթի գործընթացին, Թրամփն ասում է, թե ինքը նախկինում երբեք չէր կարող մտածել, որ այդ բառը կօգտագործվեր իր անվան հետ կապված: «Դա շատ տհաճ բառ է», ասում է Թրամփը:

Իմփիչմենթի ենթարկվելու վտանգի տակ հայտնված նախագահի մասին էլ դեմոկրատ սենատոր Ստեյնի Հոյերն ասում է. «Ես ծառայել եմ հինգ նախագահների օրոք, մեծ թվով հանդիպումներ ունեցել նրանց հետ: Սակայն երբեք չեմ հանդիպել որևէ նախագահի, որն այսքան անհարգալից վերաբերվեր Միացյալ Նահանգների կառավարության հավասարազոր մյուս ճյուղի հետ», հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նախագահին անվստահության քվե հայտնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքում ավելի է կրճատվում նրան աջակցողների թիվը: Վերլուծաբան Ուիլյամ Գալստոնի խոսքերով, հիմա հանրապետականները պիտի ցուցաբերեն զգուշություն, որպեսզի չստեծվի տպավորություն, թե պաշտպանում են սխալականին: «Ու նրանք, ովքեր շարունակեն պնդել, որ նախագահն անսխալական է, կկորցնեն կապը ժողովրդի հետ», ասում է նա:

Թրամփն ամենասկզբից էր իրեն ներկայացնում որպես քաղաքական խանգարիչ ուժ: Եվ դա ավելի կխորանա իմփիչմենթի գործընթացին զուգահեռ: Այս կարծիքն է հայտնում վերլուծաբան Բարբարա Էնն Փերրին: «Մինչ այժմ նա ռմբակոծել է նախորդ բոլոր 44 վարչակազմերի չափանիշները: Եվ այս հարցում սահմաններ չեն էլ երևում նրա համար», ասում է վերլուծաբանը: Իսկ անկախ այն հանգամանքից, թե ինչպես կավարտվի իմփիչմենթի հարցով սկսված ճակատամարտը, մի բան պարզ է, որ դրանից հետո կուսակցական տարանջատումն ավելի կխորանա: «Դրանից հետո երկրում հակառակ բևեռներն ավելի կհեռանան, կնկատվի ավելի մեծ բաժանվածություն հասարակության շրջանում, այնպես, ինչպես 1999թ. Բիլ Քլինթոնին իմփիչմենթի ենթարկելու փորձերից հետո», ասում է վերլուծաբան Թոմաս Շվարցը ու հիշեցնում 2000թ. ընտրությունները, ժողովրդի խորը մասնատվածության պայմաններում: Կարծես ամեն ինչ հիմա կրկնվում է նույնությամբ, երբ մոտենում են 2020-ի ընտրությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1782 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am