ՀՀ-ում լրագրողների անվտանգությունն անհանգստացնում է
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Հայաստանում լրագրողների անվտանգության հետ կապված, որին նախորդել են Երևանում լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ոստիկանության վերջին բռնի գործողությունները: Հաղորդումների համաձայն՝ ապրիլի 22-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունը փորձել է բերման ենթարկել 1in.am լրատվական կայքի աշխատակիցներ Նարեկ Բարսեղյանին և Սևակ Սողոմոնյանին և վնաս է հասցրել նրանց տեխնիկան: «Ես կրկին կոչ եմ անում իշխանություններին ապահովել լրագրողների՝ անվտանգ լուսաբանելու իրավունքը»,- ասել է Միյատովիչը: «ԶԼՄ-ների դեմ բռնության կիրառումը, հատկապես՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից, անընդունելի է»։ Միյատովիչը նաև նշել է, որ 2015 թվականի հունիսին Երևանում լրագրողների դեմ տեղի ունեցած հարձակումների վերաբերյալ հետաքննության արդյունքները դեռ չեն բացահայտվել։
