3 սկզբունք
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում նոր փուլ է թևակոխել: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:Շարմազանովը հայտարարեց, որ ապրիլ ամիսը նախ եւ առաջ Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամիս է. «Սակայն այս տարվա ապրիլը քառօրյա պատերազմի ամիս էր, Ադրբեջանի ագրեսիայի ամիս, նաեւ դասեր քաղելու ու սթափվելու ամիս, առանց ամպագոռգոռ հայտարարություններ անելու ամիս: Ապրիլ 24-ը ցույց տվեց, որ Ցեղասպանության 101-րդ տարելիցը թեւակոխում ենք՝ որպես վերածնված ժողովուրդ: 101-րդ տարելիցը ցույց տվեց, որ ունենք առյուծ տղաների ու իսկական հայորդիների՝ անկախություն ու ազատություն տենչող սերունդ: 101-րդ տարելիցը ցույց տվեց, որ ունենք մի պառլամենտ, որտեղ ընդդիմություն, թե իշխանություն, կարողացան միավորվել»: Այնուհետև նշեց, որ այլևս ժամանակը չէ խոսել ոչ փոխզիջումներից, ոչ էլ ինչ-որ փաստաթղթերից: Ղարաբաղյան կարգավորման գործընթացում այլևս նոր իրողություն է: Եվ եթե ցանկություն կա, որպեսզի լինի բանակցություն, պետք է կատարվեն Հայաստանի և Արցախի երեք պահանջ-առաջարկները: Ըստ այդմ՝ առաջին հերթին պետք է լինեն վստահության և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ: «Երկրորդ պահանջ՝ պետք է լինեն հստակ, հասցեական գնահատականներ, և երրորդ՝ պետք է լինեն հստակ երաշխիքներ, որ Ադրբեջանն այլևս չի իրականացնի նմանատիպ ագրեսիվ ահաբեկչություն»,- ասաց Շարմազանովը: Ինչպես հայտարարեց՝ իրար ոչ միայն պետք է հանդուրժենք, այլեւ յուրաքանչյուրս ամեն օր իր անելիքն ունենա ոչ միայն առաջնագծում, այլեւ այս թիկունքային ճակատում՝ իրար սիրելով:
