3.5 միլիարդ օդի տուրքը կերան ո՞վ պատասխան տվեց
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն Ազգային ժողովի հայտարարությունների ժամին նշեց, որ հայ ժողովուրդն այսօր ապրում է դժվար ժամանակներ, և բոլորով միասին պետք է դա հաղթահարել: Սիրելի՛ հայրենակիցներ, Մինչ ընտրական օրենսգրքին անդրադառնալը կուզենայի անդրադառնալ «Հրազդան Ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը շուրջ 500 միլիոն հարկային արտոնություններ տալու մասին օրենքին, որը, չնայած կառավարության հետևողական ջանքերին, խորհրդարանը մերժեց: Առիթներ ունեցել եմ ասելու, որ դեռ 2003-2004 թվականներին, երբ կանխամտածված լուծարվեց «Հայկական Ավիաուղիները» և ստեղծվեց «Արմավիան» մեր երկիրը զրկվեց հայրենական պետական ավիացիայից, արդյունքում էլ բազմաթիվ փորձառու օդաչուներ գործազուրկ դարձան և 10 տարուց ավելի է իրենց քրտինքով վաստակած աշխատավարձերը չեն ստանում և օրը մեջ կառավարության առջև բողոքի ցույց են անցկացնում, էլ չեմ խոսում Արմավիայի կողմից յուրացված շուրջ 3.5 միլիարդ հավաքագրված օդի տուրքի գումարներից, որի համար որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Հարկային արտոնություններ տվե՛ք հազարավոր փոքր ու միջին ձեռնարկություններին, որ սնանկանում և հեռանում են երկրից, օդաչուների աշխատավարձերը տվե՛ք կամ ուղղե՛ք մեր զինված ուժերին կամ էլ այլ արդարացված սոցիալական ծրագրեր իրականացրե՛ք , թե չէ Հրազդան Ցեմենտը վերջին տարիներին հերիք չէ մի քանի անգամ ցեմենտը թանկացրել է, չգիտես վարկերի գումարները ինչ է արել, պետք է հիմա էլ հարկային արտոնությու՞ն տանք: Բոլոր պարերը պարել ենք, հիմա էլ մնացել է տրնգին: Սիրելի՛ հայրենակիցներ, մեր ժողովրդին անհրաժեշտ է այնպիսի ընտրական օրենսգիրք, որը կերաշխավորի արդար, ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Այս ամենին մենք կարող ենք հասնել միմիայն իշխանության, ընդդիմության և հասարակության լայն կոնսենսուսի պարագայում: Այո՛, ժողովուրդը վստահում և հավատում է այն գործընթացին, ռեֆորմին, որին ինքը անմիջապես մասնակցում է, իր ձայնը ու դիրքորոշումը հաշվի է առնվում, և կա քաղաքական ու հասարակական կազմակերպությունների միջև կոնսենսուս: Ընտրական օրենսգրքի բոլոր ձևաչափերով քննարկումներին «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում՝ ներկայացնելով իր առաջարկները: Մեզ համար սկզբունքային հարցադրումներից մեկը դա սահմանդրությամբ ամրագրված 100%-անոց համամասնական ընտրակարգի ապահովվում է, այսինքն՝ եթե ներկայիս սահմանադրությամբ մեր ժողովրդի ու պետության շահերից բխող ինչ-որ մի դրական բան կար, դա 100%-անոց համամասնական ընտրակարգն էր, որը հնարավորություն կտար, որ պառլամենտ մուտք գործեն քաղաքական գործիչներ, այլ ոչ թե թաղային ու քրեական հեղինակություններ ու օլիգարխիկ կլաններ, ավելին՝ վերջ կդրվեր քաղաքական մենիշխանությանը: Առաջարկվող «Ռեյտինգային» քվեարկությունը դա քողարկված «մեծամասնական» ընտրակարգն է, որը թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ սահմանադրական տեսանկյունից անընդունելի է, եթե նախկինում մեծամասնականը 30% էր, հիմա փոխանակ այն վերացվի, առաջարկվում է հասցնել 50%: Սա մեղմ ասած լուրջ հետընթաց է, իսկ իրականում ժողովրդին մոլորեցնելով, քաղաքական մենաշնորհը պահպանելու, և տեղական ու տարածքային քրեաօլիգարխիկ տարրերի միջոցով, փողով, ուժով, զորբայությամբ և վարչական լծակներով քվե ստանալու նորաձև մեթոդ է: Ժողովուրդը լավ է ասում հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հետն են հանում:
