Թրամփը սպառնում է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, Էրդողանը հակադարձում՝ երբեք չի համաձայնի զինադադարի

Չնայած սահմանված պատժամիջոցներին` թուրքական բանակը երեկ էլ շարունակում էր հարձակումը Սիրիայի հյուսիսում: Հիմնական մարտերը ծավալվում էին Ռաս ալ-Այն քաղաքում, որը ժամեր շարունակ ենթարկվել է թուրքական բանակի հրետակոծությանը:

Ավելի վաղ սիրիական հեռուստատեսությունը հաղորդել էր, որ քրդական ջոկատներին ժամանակավոր նահանջից հետո հաջողվել էր վերախմբավորվել և կրկին գրավել Ռաս ալ-Այն քաղաքի կենտրոնական թաղամասերը: Օրվա ընթացքում տեղեկություններ էին ստացվում նաև Թել Խալաֆ և Քոբանի քաղաքներում սկիզբ առած մարտերի մասին:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր պատվիրակություն է ուղարկում Անկարա՝ փոխնախագահ Մայք Փենսի գլխավորությամբ, Սիրիայի հյուսիս-արևմուտքում Թուրքիայի ռազմական գործողություններում հրադադար պահանջելու համար, մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե «երբեք» չի համաձայնի զինադադար հաստատել։ Փենսին ուղեկցում են պետքարտուղար Մայք Փոմփեոն և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները Սիրիա ռազմական ներխուժման համար արդեն իսկ պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ։ Թուրքիան ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում սկսել է հոկտեմբերի 9-ին:

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ և պահանջում է անհապաղ դադարեցնել թուրքերի ռազմական ներխուժումը Սիրիա: «Այս պահից սկսած պատժամիջոցների են ենթարկվում Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարներ Հուլուսի Աքարը, Սուլեյման Սոյլուն և Ֆաթիհ Դոնմեզը: Պատժամիջոցներ են գործելու նաև պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների նկատմամբ», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Վաշինգտոնը վստահեցնում է, որ բացահայտ, կամ էլ լռելյայն հավանություն չի տվել թուրքերի իրականացրած «Խաղաղության աղբյուր» գործողությանը: «ԱՄՆ-ը Թուրքիայի առաջ կանաչ լույս չի վառել Սիրիա ներխուժելու համար: Նախագահի առարկությունները շատ հստակ են, այսօր հայտարարված պատժամիջոցները կշարունակվեն և էլ ավելի կխստացվեն, քանի դեռ Թուրքիան անհապաղ չի ընդունի հրադադարը, չի դադարեցնի բռնությունը և չի համաձայնի բանակցել Թուրքիայի և Սիրիայի սահմանին առկա հարցերի երկարաժամկետ կարգավորման շուրջ»,- ասել է փոխնախագահ Մայք Փենսը:
Դոնալդ Թրամփը նախօրեին զրուցել էր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թվիթերում տեղադրած գրառմամբ Թրամփը նախազգուշացրել է պատժամիջոցների մասին, նշելով, որ թուրքերի գործողությունները մարդասիրական ճգնաժամ են ստեղծում և նույնիսկ կարող են որակվել որպես պատերազմի հանցագործություն:

Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը նշել է, որ Մոսկվան անընդունելի է համարում թուրքերի իրականացրած գործողությունը: Նա ասել է, թե օպերացիայի անցկացման վերաբերյալ Մոսկվայի համաձայնությունը ստանալու մասին Էրդողանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում:

Թրամփը երեկ նշել է, որ առաջիկայում կարձակի Անկարայի հետ 100 միլիարդ դոլարի առևտրի շուրջ բանակցությունները դադարեցնելու հրաման և 50 տոկոսով կավելացնի թուրքական պողպատի մաքսատուրքը: «Ես լիովին պատրաստ եմ ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունն այն դեպքում, եթե նրանք շարունակեն գնալ այդ վտանգավոր և ավերիչ ճանապարհով», - նախազգուշացրել է ԱՄՆ նախագահը:

Իսկ պաշտոնական Մոսկվան հայտարարել է՝ թույլ չի տա, որ բախումներ տեղի ունենան թուրքական և սիրիական ուժերի միջև՝ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի գործողությունների պատճառով: Սիրիայի հարցով Կրեմլի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևն ասել է, որ նման բախումներն անթույլատրելի են: «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», - հայտարարել է նա:

Լավրենտևը հավելել է, որ թուրք և սիրիացի պաշտոնյաների միջև շփումներ կան՝ նման բախումներից խուսափելու համար: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր զինծառայողները պարեկություն են իրականացնում սիրիական և թուրքական զորքերի շփման գծի երկայնքով՝ Եփրատ գետից արևմուտք գտնվող հյուսիսային Մանբիջ քաղաքի մոտակայքում։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականներով, Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող վերջին շաբաթվա ռազմական գործողությունների հետևանքով գրեթե 70 հազար երեխա է տեղահանվել: Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ առնվազն 4 երեխա սպանվել է և 9 վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Ըստ զեկույցների, ևս 7 երեխա սպանվել է Թուրքիայում», - ասված է հաղորդագրությունում, որը տարածել է կազմակերպության հայաստանյան գրասենյակը: - «Հարձակման են ենթարկվել երեք առողջապահական հաստատություններ, շտապ օգնության մեքենաներ և մեկ դպրոց: Ա՛լուքի ջրակայանը, որը ջուր է մատակարարում Հասաքեյի մոտ 400 հազար մարդկանց, այլևս չի գործում»:

«Մենք մտահոգված ենք, որ առնվազն 170 հազար երեխա այժմ հումանիտար օգնության կարիք ունի այդ տարածքում շարունակվող բռնությունների հետևանքով: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի անհապաղ աջակցություն տրամադրի տուժածներին», - հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը: Կազմակերպությունը նաև շարունակում է մաքուր ջուր և առողջապահական ծառայություններ մատուցել Ալ-Հոլ ճամբարում ապաստանած մոտ 64 հազար երեխաների ու կանանց:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3864 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am