Չավուշօղլուն՝ ի պատասխան ԼՂ հակամարտության սրացման հարցում Թուրքիայի դերի մասին ՌԴ պաշտոնատար անձանց հայտարարություններին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրացման հարցում Թուրքիայի դերի մասին Ռուսաստանի պաշտոնատար անձանց հայտարարությունները:«Ես չեմ պատրաստվում պատասխանել Ռուսաստանի պաշտոնատար անձանց հայտարարություններին: Նման կարգի հայտարարությունները անտեղի եմ համարում: Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցով հայտնի է: Կրակի ռեժիմի դադարեցումը խախտել է Հայաստանը»,- հայտարարել է Չավուշօղլուն: Ինչպես ասել է՝ մեծ լավատեսություն կլիներ դրական մոտեցում կամ քաղաքական կարգավորում ակնկալելը նրանցից, ովքեր պատասխանատվություն են կրում Ղարաբաղյան հակամարտության սրացման համար: «Մի՞թե մենք ենք զանգահարել Հայաստանի ղեկավարությանը կամ հանդիպել նրանց հետ և ասել, որ հարձակվեն Ադրբեջանի վրա: Հայտարարությունների մեջ պետք է լրջություն լինի: Եթե դուք նայեք, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը, ապա կտեսնեք, թե ով է կանգնած դրա հետևում»,- ասել է թուրք նախարարը:
