Հարձակման կանաչ լույս, հետո՝ պատժամիջոցներ. ԱՄՆ-ի տարօրինակ պահվածքը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` Սիրիա ներխուժման պատճառով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն: Պատժամիջոցները սահմանվել են Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների, դրանց ղեկավարների, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուի նկատմամբ:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ նախագահ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է անել անհապաղ զինադադար հաստատել Սիրիայում։ Փենսը վստահեցրել է, որ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում խիստ է խոսել Էրդողանի հետ: ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ շուտով մեկնելու է տարածաշրջան՝ միջնորդելու ճգնաժամի հանգուցալուծման նպատակով։

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին է սկսել ռազմական գործողությունները Սիրիայի հարավ-արևելքում: Այդ տարածաշրջանում արդեն ավելի քան 160 հազար քաղաքացիական անձ լքել են իրենց տները: «Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս չի պատրաստվում հանդուրժել Թուրքիայի ներխուժումը Սիրիա: Մենք կոչ ենք անում Թուրքիային կանգ առնել, վերջ տալ բռնություններին և նստել բանակցությունների սեղանի շուրջ», - Փենսի խոսքերն է մեջբերում Reuters լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ որոշում է ընդունելու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի պաշտոնատար անձանց նկատմամբ, դադարեցնել 100 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները և 50 տոկոսով բարձրացնել Թուրքիայից ներկրվող պողպատի մաքսատուրքը։

«Պատժամիջոցների թիրախում են հայտնվել Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարները, ինչպես նաև նրանց ղեկավարած գերատեսչությունները», - Սպիտակ տանը կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի խոսքով էլ՝ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույցներ է ունեցել սիրիացի քրդերի և Թուրքիայի ղեկավարների հետ: «Նախ նա հեռախոսազրույց է ունեցել քուրդ գեներալ Մազլումի հետ, նրանից տեղեկացել ծավալվող իրադարձությունների մասին: Գեներալ Մազլումը զեկուցել է նախագահ Թրամփին, որ թուրքական բանակը առայժմ չի հատել 30-մղոնանոց բուֆերային գոտու սահմանը, սակայն լուրջ մտահոգություններ է հայտնել Քոբանի քաղաքում ստեղծված կացության վերաբերյալ: Դրանից հետո նախագահ Թրամփը զրուցել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ` վերջինիս խնդրանքով: Այդ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Թրամփը նրան հստակորեն ասել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի Թուրքիան անհապաղ դադարեցնի Սիրիայի հյուսիսում ծավալած հարձակումը», - նշել է ԱՄՆ փոխնախագահը: Մայք Փենսի խոսքով՝ ամենամոտ ապագայում իր ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա` Սիրիայի շուրջ ստեղծված կացությունը քննարկելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ չնայած Ասադի զորքերի առաջխաղացմանը՝ Թուրքիան մտադիր չէ դադարեցնել հարձակումը Սիրիայում: Պաշտոնական Անկարան չի պատրաստվում դադարեցնել այդ երկրի հյուսիսում անցած շաբաթ մեկնարկած հարձակումը, այդ մասին նախօրեին Բաքվում՝ Համաթյուրքական գործարար համաժողովի ընթացքում հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Չնայած բոլոր ճնշումներին և սպառնալիքներին՝ [Սիրիայում] իրականացվող գործողությունն ավարտին հասցնելու հարցում մենք շատ հաստատակամ ենք: Ես ցանկանում եմ դա հստակորեն հայտարարել` մենք մեր գործը լիարժեքորեն ավարտին ենք հասցնելու», - հայտարարում էր Էրդողանը:

Երկուշաբթի օրը թուրքական բանակի գործողությունները հիմնականում կենտրոնացել էին Ռաս ալ-Այն քաղաքի մերձակայքում: Թուրքական հրետանին ժամեր շարունակ հրետակոծում էր քաղաքը: Մեկ այլ սահմանամերձ բնակավայր` Թել Աբյադը, երկուշաբթի օրը թուրքական բանակի և Անկարայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմադիր խմբավորումների հսկողության տակ անցավ: Թուրքամետ զինյալները քաղաքի կենտրոնում այրեցին քրդական դրոշը` փոխարենը բարձրացնելով սիրիական ընդդիմության եռագույնը:

Թուրքական հարձակման հետևանքով, ի դեպ, առավելապես քրդերից կազմված «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» ստիպված էին լայնածավալ զորահավաք կազմակերպել, որի արդյունքում ռազմաճակատ ուղարկվեցին նաև տարածաշրջանի խոշորագույն կալանավայրերի և ռազմագերիների ճամբարների պահակազորների անդամները: Որպես հետևանք՝ հանգստյան օրերին հարյուրավոր իսլամիստ զինյալներ, հիմնականում՝ «Իսլամական պետություն» խմբավորման նախկին զինյալներ, հայտնվեցին ազատության մեջ:

Քրդերի հասցեին, սակայն, մեղադրանքներ են հնչում, որ նրանք դիտավորյալ են ազատ արձակել գերեվարված զինյալներին` առավել ակտիվ միջազգային արձագանք ակնկալելով: Առաջինն այդ մասին Twitter-ում գրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` ենթադրելով, թե այդ քայլով քրդերը հույս ունեին, որ ամերիկացիները կմիջամտեն Սիրիայի հյուսիսում ծավալվող իրադարձություններին:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի պնդմամբ էլ՝ առնվազն մեկ կալանավայրի պարագայում քրդական ուժերը «Իսլամական պետության» նախկին զինյալներին տարել են անհայտ ուղղությամբ: «Դուք գիտեք, որ ռազմական գործողությունների գոտում որոշակի խնդիրներ կան՝ կապված «Իսլամական պետության» զինյալների համար նախատեսված բանտերի հետ: Մեր վերահսկողության ներքո գտնվող շրջանում նման մեկ կալանավայր կար, և մենք պատրաստվում էին շատ լուրջ ջանքեր գործադրել այնտեղ խիստ հսկողություն սահմանելու նպատակով: Բայց երբ մեր զինվորականները մուտք գործեցին այդ բանտ, պարզվեց, որ [քրդական] Ժողովրդական պաշտպանության ուժերն արդեն լքել են տարածքը` տեղահանելով նաև բանտարկյալներին», - նշում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը` չհստակեցնելով, այդուհանդերձ, թե քրդական ուժերն ուր են տեղափոխել իսլամիստ զինյալներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1109 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Աստված կհատուցի յուրաքանչյուրին՝ նրա գործերի համաձայն. Բագրատ Սրբազան Հավանական է՝ Մոսկվայում կավելացնեն նաև ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ներկայության հարցով հանրաքվեի թեման․ Բենիամին Մաթևոսյան Մասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համար «Կաթողիկոսի կողմից հորինած դատավարության մասնակցությունը լեգիտիմացնում է կեղծիքը». Ավետիսյան ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը «Չտրվե՛ք սադրանքների, ամո՛ւր մնացեք հավատով ու հույսով»․ Վեհափառ Հայրապետ Մենք նրանց կnկորդից բռնած ենք պահում․ շուտով կտեսնենք հրադադարի համաձայնագիր․ Բեսենթը՝ Իրանի մասին Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյnւնի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց «Wildberries»-ը վաճառքով զբաղվողների ապրանքն անվտանգ վայրում պահելու միջոց է գտել «Կարող եք հուզվել Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդումից, անտարբեր լինել, բայց չեք կարող չտեսնել, որ էս դատավարությունը քաղաքականապես մոտիվացված է». Հակոբ Կարապետյան Ընտրական իրավունքը սահմանափակող օրենքի վերաբերյալ հայցն արդեն ՍԴ-ում է․ «Ա1+» ««Լրտեսների» ու «դավաճանների» բացահայտումները՝ իշխանության վերահսկողության գործիք». քաղաքագետ Սարյան փողոցի բնակարանում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով հոսպիտալացվել է Ռամզան Կադիրովի որդուն Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում են շնորհել ՀՀ իշխանություններին չի հաջողվի օտարել Հայ Առաքելական եկեղեցին. արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին Միխայիլ Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր» Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել Դատավորը հայ էր և հրաժարվեց քննել գործը. Նարեկ Կարապետյան Հայկ Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի հանդիպելու մասին Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը դատական նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված դռնից Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am