Ռազմիկ Աբրահամյանը՝ տուժած հղիի առողջական վիճակի մասին
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Հալաբյան փողոցում երեկ ավտոբուսի պայթյունից տուժած հղիի առողջական վիճակը: «Անուշ Եղիկյանն արյունազեղումներ և սալջարդեր ունի, բայց նրանք ավելի երկրորդային են, քան նրա հղիության պահպանման հարցը»,-ասաց նա և հայտնեց, որ հղիությունը 20 շաբաթական է: Նա նշեց, որ այս պահին հնարավոր է հղիի մոտ ոչինչ չնկատվի, բայց գոյություն ունի հետսթրեսային սինդրոմ, ինչպիսին լինում է երկրաշարժերից, պատերազմներից հետո և հետագայում նրա մտածմունքը կարող է բերել վիժման երևույթների: «Այս պահին պտուղը չի տուժել, սակայն այդպիսի սինդրոմ կա, երբ որ սթրեսներից, վթարներից հետո, կապված օրգանիզմի փոփոխման հետ, հնարավոր է հետագա բարդություններ լինի: Ուստի, կանխարգելման նպատակով նա պետք է ստանա բուժում, իսկ թե ինչպիսի արդյունքի կհասնենք, դա ցույց կտա բուժման ընթացքը»,-ասաց նա:
