Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ապրիլքսանչորսյան ուղերձում օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը
Star թերթի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ թվիթերյան գրառումներ է արել և հայտնվել սկանդալի կենտրոնում: Բասսը ապրիլի 24-ի դեպքերի հետ կապված անգլերենով արված թվիթերյան գրառման մեջ նշել է «Հայերի հիշատակի օր» արտահայտությունը, մինչդեռ թուրքերենով արած գրառման մեջ օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը: Հայոց ցեղասպանության հետ կապված՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան կայքում արված հայտարարությունում օգտագործվել է «ցեղասպանություն» եզրույթը, ինչը բողոքի մեծ ալիք է առաջացրել Թուրքիայում: Հայտարարությունն իր բնույթով նման է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապիլքսանչորսյան ուղերձին, որում օգտագործվել է «Մեծ եղեռն» արտահայտությունը, սակայն ի տարբերության նրա՝ դեսպանատան հայտարարությունում նշված է եղել «ցեղասպանություն»: Բողոքներից հետո ԱՄՆ դեսպանատունը հետքայլ է արել և հայտարարությունում վերացրել է «ցեղասպանություն» բառեզրը: Ընդգծվում է, որ դա կարող է սկանդալ առաջացնել ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում: Թուրքական կողմը սպասում է տեղի ունեցածի համար ԱՄՆ դեսպանատան պարզաբանմանը: Հաղորդվում է, որ Ջոն Բասսը տիրապետում է անգլերեն, թուրքերեն, իտալերեն և ֆրանսերեն լեզուներին: Ավելի վաղ նա եղել է Վրաստանում ԱՄՆ դեսպան:
