Նոր տվյալներ կապված Հալաբյան փողոցում երթուղային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետ
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ քրգործ է հարուցվել։
«Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:
Փորձագետների մասնակցությամբ քննչական խումբն իրականցնում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհետաձգելի քննչական, դատավարական և օպերատիվ հետախուզական գործողություններ»,- հայտնում են դատախազությունից։
Նշենք, որ «Արմենիա» ԲԿ-ում գտնվող 6 վիրավորների վիճակը կայունանում է:
15-ամյա պատանիներից մեկի արհեստական շնչառություն ապահովող սարքն անջատվել է: Երկրորդ պատանու մոտ ևս առաջընթաց կա: Վիրավորները շոկային վիճակից դուրս են գալիս: Հղի կնոջ` 37-ամյա Անուշի վիճակը, ևս կայուն է: Վիրավորները սռևս մեկ շաբաթ կմնան բժիշկների վերահսկողության ներքո:
Մշակվել է տեղի ունեցած պայթյունի գրաֆիկական պատկերը, որի համար հիմք են ծառայել Հալաբյան փողոցի տեսախցիկների ձայնագրության վերծանումը:
Երևանի Հալաբյան փողոցում երթուղային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունը կապված չէ գազի և վառելանյութի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա հաստատել է նաև, որ գազի պայթյուն չի եղել, քանի որ ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով։
«Պայթյունը բեկորային չի եղել, այլ ալիքաձև»,- ասել է ոստիկանապետը։
Հնարավոր ահաբեկչության վարկածի մասին հարցին ի պատասխան՝ Գասպարյանը նշել է, որ ներկայումս ոչ դա հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է, որովհետև բոլոր տվյալները նախնական են։
«Բոլոր շրջանառվող վարկածները կարող են 10 րոպե հետո փոխվել, թույլ տվեք առայժմ այս առիթով ոչինչ չասել»,- հավելել է ոստիկանության պետը։
Ոստիկանության պետն ասել է, որ երթևեկության տեսախցիկները ֆիքսել են պայթյունը։ Մի տեսախցիկը վնասվել է, մյուս տեսախցիկը ֆիքսել է, որ պայթյունը տեղի է ունեցեկ ավտոբուսի աջ մասում, այժմ վերծանվում է տեսախցիկի արձանագրածը։ Վարկածներից մեկի համաձայն Հալաբյան փողոցում ավտոբուսի մեջ պայթուցիկ սարք է եղել. այն կամ եղել է ուղեւորներից ինչ որ մեկի մոտ, կամ տեղադրված է եղել նստարանի տակ:
ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը Facebook-ի իր էջում տվյալներ է հրապարակել՝ նշելով, որ այս պահի դրությամբ իրավապահների կողմից մատուցվող տեղեկատվությունը խիստ նախնական է, ուստի միանշանակ պնդումներ դեռևս չի կարելի անել։
«Այս պահի դրությամբ.
- ավտոբուսը դիզ վառելիքով էր,
- ավտոբուսը չի վառվել, տեղի է ունեցել «չոր» պայթյուն,
- ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ,
- վարորդը ողջ է և գիտակցության մեջ,
- պայթյունի հարուցիչը ֆուգասային է, բեկորային չէ։
