Հատուկ ուշադրություն կդարձվի
Ազգային ժողովի նիստում տեղի էին ունենում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նոր ԸՕ ներկայացման ժամանակ նշեց, որ ընտրությունների հետ կապված առկա են բազում երևույթներ, որոնք համարում են անթույլատրելի և այս ԸՕ-ով փորձում են տալ լուծումներ, որոնք կվերացնեն դրանք: Նախքան ԸՕ քննարկումները, ԱԺ նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունները պետք է վերջ տան կոռուպցիային, թալանին և ընտրակեղծարարությանը: Դավիթ Հարությունյանն էլ ասաց, թե Հայաստանի իշխանությունները դեմ չեն ընտրողների ցուցակները մաքրելու մասին ընդդիմության առաջարկներին։ «Այստեղ Կառավարությունն առաջարկել է քննարկումներ վարել, թե ինչպես է պետք սահմանել, որ քաղաքացին երկար ժամանակ բացակայում է Հայաստանից։ Եթե ընդդիմությունն առաջարկի նման մեխանիզմներ, մենք համաձայն ենք, որ քվեարկության ժամանակ նման քաղաքացիների գրանցման վրա հատուկ ուշադրություն դարձվի։ Քաղաքացիներին գրանցող էլեկտրոնային սարքերը այդ դեպքում ձայնային ազդանշան կարձակեն, որն իր վրա կհրավիրի դիտորդների ուշադրությունը»,- պարզաբանել է Դավիթ Հարությունյանը։
