Ադրբեջանի զենքի 70 տոկոսն էլ 1980-ականների է. Վ.Հարությունյան
Ո՞վ է ասում, որ Ադրբեջանի տեխնիկան 80-ականների տեխնիկա չէ. այսօր լրագրողներին ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ըստ նրա` Ադրբեջանի զենքի 70 տոկոսը 1980-ականների է, ինչի մասին է փաստում այն, որ նրանց` մեր կողմից խոցված 28 տանկերից միայն 2-ն էին նոր: «Բացի այդ` եթե 80-ականների տեխնիկա է, չի նշանակում, որ այն վատն է: Այնպես որ` նման խոսակցություններին ուղղակի պետք է վերջ տալ»,- ասաց Հարությունյանը: Նա նշեց նաև, որ ադրբեջանական կողմը քառօրյա պատերազմի միջոցով ուզում էր վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանում և Ղարաբաղում, որպեսզի հայկական կողմը զիջումների գնա, սակայն մենք կմասնակցենք բանակցությունների, եթե Ղարաբաղը դառնա կողմերից մեկը: Հայկական կողմը առաջ էր գնում, սակայն ամենաթեժ պահին հրադադար հայտարարվեց ու հայկական բանակի առաջխաղացումը կասեցվեց հարցին,ինչո՞ւ այդպես եղավ, պարոն Հարությունյանը պատասխանեց.«Այդ խոսակցությունները միայն էմոցիաներ են:Նույն բանի մասին էին խոսում 1994 թվականին, սակայն երբ տեղյակ ես լինում իրավիճակի ռազմաքաղաքական կողմին, հասկանում ես, որ այն ժամանակ զինադադարի կնքումը ճիշտ որոշում էր: Ինչ վերաբերում է մեր օրերին, ապա կարող եմ ասել, որ մեզ ոչ մեկն էլ չէր խանգարում, եթե ուզենայինք, առաջ կգնայինք, սակայն 5 կմ առաջ գնալու համար մեր տղաների արյունը թափելն անիմաստ եմ համարում»:
