Երբ է հայտարարվում համաճարակային վիճակ. նախարարը պարզաբանեց /տեսանյութ/
«Վերջին 20 օրերի ընթացքում զգալի ակտիվություն կա սուր շնչառական հիվանդությունների մասով, որը կապված է տարածաշրջանում հիվանդությունների բարձրացումով, և դա հայտարարված է առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Բացասական դեր են խաղացել նաև եղանակի ցուրտ լինելը և ոչ աշխատանքային օրերը»,-երեկ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարը փաստեց, որ տոնական օրերին էլ պոլիկլինիկաները աշխատել են, իսկ այս օրերին նաև աշխատելու են շաբաթ և կիրակի: Արմեն Մուրադյանը ներկայացրեց այս պահին եղած վիճակագրական տվյալները: Նախարարն ընդգծեց, որ Հայաստանում գրիպի համաճարակ չկա: «Համաճարակը բավական բարդ հաշվարկի ենթարկվող և բանաձևերով հաշվարկվող ցուցանիշ է: Մասնավորապես, խոսքը գնում է մեկ ու կես անգամ ավելի հիվանդացության շեմը գերացազնող թվի մասին, համաճարակ լինում է, եթե այդ շեմը 4-5 անգամ է գերազանցվում»,- ասաց նա: Արձագանքելով լրագրողի հարցին, թե H1N1 հարուցիչի դեմ բժիշկների կողմից նշանակվող «Տամիֆլյու» դեղամիջոցը բավականին թանկ է վաճառվում՝ 6 հազար դրամի չափով և այս օրերին դեղատներում հնարավոր էլ չէ գտնել նախարարը ասաց, որ շուտով դեղատներում կլինի այդ դեղը: Արմեն Մուրադյանը նշեց, որ 2009 թվականից դեղը ներկրվել է Հայաստան, որևէ համապատասխան փաստաթղթում 9 հազար դրամից նվազ գին երբևէ չի եղել: Նա նշեց, որ շուտով այդ դեղը դեղատներում կվաճառվի ոչ ավելի, քան 11 500 դրամ, բայց դա ֆիքսված գին չէ, քանի որ շուկան է թելադրում գինը: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:
