Ծննդկանի մոտ H1N1չի հայտնաբերվել. ի՞նչից է մահացել այդ դեպքում
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նախօրեին մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1չի հայտնաբերվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը: Նրա խոսքով՝ 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տեւական ժամանակ ծայրահեղ ծանր էր։ «Երեկ տեղեկացրել էինք, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ի միացված է արհեստական շնչառության սարք։ Եվ այս փաստը բնավ չի նշանակում, թե նախարարությունն անհրաժեշտ աշխատանքներ չի տանում»,-հավելել է Անահիտ Հայթայանը: Տեղեկացնենք, որ բնակչության շրջանում «խոզի» գրիպ ախտորոշմամբ մահերը լուրջ անհանգստություն են առաջացնում: «Դպրոցներն ու մանկապարտեզները փակելը ելք չի, շնչադիմակ կրելու ճիշտ կուլտուրա չկա:Մինչև երբ պետք այս վիճակը շարունակվի: Երեխաս ծանր վիճակում է՝ պատվաստման տարա: Հերթեր են ահավոր, վերցրի տուն բերեցի»,-պատմեց Երևանի բնակիչ Աղավնի Խաչատրյանը, ում խոսքով տղան ընդամենը 5 տարեկան է և չի կարողանում դիմանալ հերթերին: Նշենք, որ կնոջը դեկտեմբերի 31-ին կեսարյան հատում էին կատարել: Նրա փոքրիկն այժմ գտնվում է բժշկական կենտրոնի ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքում: Ծննդատան վարիչ Արեն Գյոզալյանի խոսքով՝ երեխայի վիճակը կայուն է: Հիշեցնենք, որ երեխան ծնվել է 1 կգ 220 գր քաշով եւ 39 սմ հասակով: Լուսինե Ղազարյան
