Հիլարի Քլինթոնը աղետ կդառնա ԱՄՆ անվտանգության համար
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնի ընտրությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում աղետ կդառնա երկրի համար՝ հայտարարել է Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, ով Հանրապետական կուսակցությունից հավակնում է պետության ղեկավարի պաշտոնին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Քլինթոնը աղետ է ազգային անվտանգության համար»,- ասել է նա Նորթ-Չարլսթոն քաղաքում (Հարավային Կարոլինա նահանգ) հանրապետական հեռուստադեբատների ընթացքում։ Բուշերի քաղաքական կլանի կրտսերը ԱՄՆ նախկին պետքարտուղարին մեղադրել է այն բանում, որ նա պատասխանատվություն է կրում լիբիական Բենղազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության վրա կատարված հարձակման, Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերբեռնման» համար։ «Նա մղձավանջ կլինի ԱՄՆ-ի համար»,- ասել է Բուշը։ Բուշին աջակցել է ֆլորիդացի սենատոր Մարկո Ռուբիոն, ով նույնպես հավակնում է պետության ղեկավարի պաշտոնին՝ ասելով, որ «Քլինթոնը պիտանի չէ գերագույն գլխավոր հրամանատար լինելու համար»։
