Այս հողերը չեն կարող թույլ տալ ևս մեկ ցեղասպանություն. «Նոր Զարթոնք»
Թուրքական İMC TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Նոր Զարթոնք» կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ, որում նշել է. «Այս հողերում այլևս չպետք է տեղի ունենա նոր ցեղասպանություն։ Արդեն բավական է»։ «Նոր Զարթոնքն» ընդգծել է, որ իրենք ցանկանում են ոչ թե ողորմություն, այլ՝ արդարություն։ «Նոր Զարթոնքը» Թուրքիայի իշխանություններին կոչ է արել առերեսվել մարդկության դեմ գործած հանցանքների և հատկապես Հայոց ցեղասպանության հետ։ «Նոր Զարթոնքը» հիշեցրել է, որ Թուրքիայի իշխանությունները վարել են հայաթափելու, Հայոց ցեղասպանության ժխտման, տարածաշրջանի ժողովուրդների ձուլման ու թուրքացման քաղաքականություն։ Բացի դրանից՝ կազմակերպությունը հիշեցրել է «Հայրենակի՛ց, թուրքերե՛ն խոսիր» կամպանիայի, ունեցվածքի հարկի, 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ը հայերի և հույների ջարդերի, Հիմնադրամների մասին օրենքի մասին։ «Նոր Զարթոնքը» Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել, առանց նախապայմանների քաղաքացիություն տրամադրել արմատներով այս հողերից սերող Հայկական սփյուռքի ներկայացուցիչներին, առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը, դասագրքերում նշել Ցեղասպանության մասին, վերակառուցել և հայ ժողովրդին վերադարձնել նրան պատկանած դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիներն ու մնացյալ բոլոր կառույցները։ Հիշեցնենք, որ «Նոր Զարթոնք» կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ թուրքերին հասցեագրած հայտարարություն էր հրապարակել, որը ստացել էր «Կոչ Թուրքիայի հայերից. տե՛ս եղբայր իմ» անվանումը: Դրանում նշված էր. «Տե՛ս եղբայր իմ, Հայոց ցեղասպանությունից անցել է 100 տարի: Մի ժողովուրդ, քո տատերի ու պապերի հետ համատեղ ապրած մի ժողովուրդ, ծրագրված ձևով ոչնչացվել է պետության կողմից: Սրանից 100 տարի առաջ փողոցում հանդիպող ամեն 5 անձից մեկը հայ էր, մինչդեռ այսօր այդքան հեշտ չէ փողոցում հայի հանդիպելը: Ի՞նչ եղան նրանք: Հարցրո՛ւ եղբայր իմ: Կա՛նգ առ, եղբա՛յր իմ, մի՛ բարկացիր, լսի՛ր: Պետությունը մեզ դավաճան հայտարարեց, նզովեց մեզ, հրեշի կերպար հաղորդեց մեզ: Պետությունը մեզ տարանջատեց միմյանցից և ատելություն սերմանեց: Տե՛ս, եղբա՛յր իմ, լսի՛ր եղբայր իմ: Պետությունը չի առերեսվում հանցանքի հետ, ասում է, թե 100 տարի առաջ ելել ենք միմյանց դեմ, և չի առերեսվում հանցանքի հետ: Չառերեսվելով հանցանքի հետ ու չդատապարտելով այն՝ կանգնում ես դա արածների կողքին: Եղբա՛յր իմ, ցանկանո՞ւմ ես ապրել այսպիսի երկրում: Դու ցանկանո՞ւմ ես ապրել մի երկրում, ուր անարդարությունը պարգևատրվում է: Որտե՞ղ են Հրանտի, Սևակ Բալըքչըի, Մարիցա Քյուչուքի ոճրագործները: Դրսում են, բոլորը դրսում են: Ինչո՞ւ, եղբա՛յր իմ: Ինչո՞ւ են նրանք, ձեռքերը թափահարելով, շրջում ազատորեն: 1915 թվականին հայերի սպանությունը չպատժվեց, ինչն էլ հանգեցրեց նրան, որ իրավիճակը կրկնվեց և ցայժմ շարունակվում է: Չառերեսվելով՝ մենք սպանվում ենք, եղբա՛յր իմ: Մենք այլևս չենք ցանկանում սպանվել: Դու ցեղասպան չես, եղբա՛յր իմ: 1915 թվականին դու ծնված չէիր և չես մշակել այդ սպանությունները: Մենք ասում ենք, որ քեզ դիտարկում ենք որպես եղբայր: Բայց մի՞թե ընդհանրապես չկա որևէ պատասխանատվություն: Որպես այս հողի մարդիկ՝ մի՞թե պատասխանատվություն չենք կրում ժխտման քաղաքականությանն աջակցելու համար, որպեսզի կառուցենք արդար ապագա»: Հայտարարության մեջ հիշատակված են նաև Թուրքիայի Հանրապետության ժամանակ տեղի ունեցած հայերի, հույների, քրդերի, հրեաների ջարդերը:
