Ցեղասպանագետ. Գերմանիան առաջնորդվում է նախ եւ առաջ իր շահերով
Հայոց ցեղասպանության մասին օրենսդրական որոշում ընդունելու հարցում պաշտոնական Գերմանիան առաջնորդվում է նախ եւ առաջ իր շահերով` հետին պլան մղելով մարդասիրական մտահոգությունները: Այդուհանդերձ, գերմանական իշխող շրջանակներն իրենց ելույթներում արդեն վաղուց են ընդգծել, որ ճանաչում են Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է գերմանացի հայտնի ցեղասպանագետ Թոսսա Հոֆմանը: Խոսելով Ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականության մասին՝ նա նշել է, թե նման վերաբերմունքն առաջին հերթին վտանգավոր է Թուրքիայի եւ դրա հասարակության համար: «Պաշտոնական Թուրքիան ոչ միայն հերքում է ցեղասպանությունները, որոնք օսմանյան իշխանության վերջին մեկ տասնամյակում իրականացվել են ավելի քան երեք միլիոն տեղաբնիկ քրիստոնյաների նկատմամբ, այլ նաեւ երկրպագում է դրա կազմակերպիչներին: Հանրային հրապարակները, բուլվարները, դպրոցները, մանկապարտեզներն ու անգամ մզկիթները կոչվում են Թալեաթի, Էնվերի կամ Ջեմալ Ազմիի անուններով»,- ասել է Հոֆմանը՝ հավելելով, որ ցեղասպանությունը վերածվում է տեղական կամ ազգության ու փոքրամասնությունների քաղաքականության խնդիրները լուծելու միջոց. «Դա դառնում է լուրջ խոչընդոտ մարդկության դեմ հանցագործությունները կանխելու հարցում: Եվ պետք է մտավախություն ունենալ, որ տեղահանություններն ու կոտորածները կրկին կլինեն, սակայն այս անգամ արդեն քուրդ բնակչության նկատմամբ»: Գնահատելով այս հարցում միջազգային հանրության եւ մասնավորապես Գերմանիայի դիրքորոշումը՝ Հոֆմանն ընդգծել է, թե մինչեւ օրս Գերմանիան այս հարցում ձախողվել է: «2015 թվականին Գերմանիայի համար թուրքական շահերն առավել կարեւոր առաջնահերթություն էին, քան Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանը օրինական գնահատական տալը, այսինքն բանաձեւի ընդունումը: Այս ամենով հանդերձ, խորհրդարանական բոլոր խմբակցությունների խոսնակները 2015 թվականի ապրիլի 24-ի իրենց ելույթներում հստակորեն ճանաչել են այդ փաստը: Այդուհանդերձ, 2015 թվականի երկրորդ կեսից Սիրիայից, Իրաքից եւ մյուս երկրներից քաղաքացիական պատերազմի հետեւանքով փախստականների ներգաղթը Գերմանիա պատճառ դարձավ այդ երկրի՝ Թուրքիայի վրա ավելի կենտրոնացած քաղաքականության: Գերմանիայի կանցլերն ընդունում է Էրդողանին որպես փախստական-ներգաղթյալների առջեւ Եվրոպայի դռները փակողի: Այս ամենը հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պաշտոնական Գերմանիայի քաղաքականությունը, երբ Ռայխսկանցլերի համար օսմանա-գերմանական ռազմական դաշինքն ավելի առաջնահերթ էր, քան հետապնդումների եւ կոտորածի ենթարկվող օսմանյան հայերի նկատմամբ ցանկացած մարդասիրական մտահոգություն»,- ասել է ցեղասպանագետը:
