Ռուս-հայկական հարաբերությունները շատ դժվար է սասանել
Ռուս-հայկական հարաբերությունները շատ դժվար է սասանել, լրագրողներին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը` Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո, հայտնում է RIA Novosti-ն: «Մենք հիանալի հարաբերություններ ունենք, մեր երկրների ղեկավարները մշտական կապ են պահպանում, և ես մտածում եմ, որ այդպես կլինի միշտ»,- ասել է նա: Նրա խոսքով` կարող են ծագել ինչ-որ վիրավորանքներ, թյուրիմացություններ, սակայն դա չի նշանակում, որ ռուս-հայկական հարաբերությունները կանցնեն այլ փուլի: «Այսօր գերակշռում են զգացմունքները, սակայն ռուս-հայկական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմություն, շատ դժվար է սասանել»,- ասել է Վոլինկինը: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հարաբերություններ է պահպանում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: «Այդտեղ բանը նրանումն է, որ Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից է, իսկ Ադրբեջանը` ռազմավարական գործընկեր»,- նշել է նա:
