Երեւանում ավարտվեց «Aurora Dialogues»-ի շրջանակում քննարկումները
Մատենադարանում ավարտվել են «Aurora Dialogues»-ի շրջանակում կազմակերպված քննարկումները: Եզրափակիչ ելույթում «100 կյանք» նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Քարնեգի հիմնադրանի նախագահ Վարդան Գրեգորյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ նշելով, որ անցյալն ինքնին անօգուտ է: «Մենք հանդիպում ենք այստեղ ոչ միայն այն պատճառով, որ սա հայերի համար սրբազան վայր է: Այստեղ 17 հազար ձեռագրեր են պահվում: Կարեւոր է հիշել, որ հայերը փրկել են ոչ միայն հայերեն ձեռագրեր, այլեւ թուրքական, ռուսական, իրանական, եզդիական: Դա գոյության վկայություն է»,- հայտարարեց Վարդան Գրեգորյանը: Մի քանի ժամ տեւած քննարկումների մասնակիցները չորս նիստով քննարկել են Եվրոպայում փախստականների, միգրացիոն ճգնաժամի խնդիրները, կանանց դերը հակամարտությունների կարգավորման եւ լրագրողների դերը՝ անաչառ լրատվության ներկայացման հարցում: Քննարկումներին մասնակցել են առաջատար իրավապաշտպաններ, իրավաբաններ, լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից:
