Ցեղասպանությունների դեմ պայքարելու համար պետք է դադարել միայն ասել «այլևս երբեք».Քլունի
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ Երևան ժամանած ամերիկացի դերասան, «Not On Our Watch»-ի համահիմնադիր, բարերար, կինոարտադրող, «Ավրորա» մրցանակաբաշխության Ընտրող հանձնաժողովի անդամ Ջորջ Քլունին հայտարարեց.«Ցեղասպանությունների դեմ պայքարելու համար պետք է դադարել պարզապես ասել «այլևս երբեք», բայց դրանից բխող որևէ քայլ չնախաձեռնել»: Քլունին պատմեց, որ ինքը ծնվել է ԱՄՆ-ում, 60-ական թվականներին, երբ լուրջ զարգացումներ էին ընթանում քաղաքացիական իրավունքների, կանանց իրավունքների շարժման առումով և ինքը՝ որպես այդ տարիների ծնունդ, չէր կարող պատասխանատվություն չկրել ներգրավվելու մարդկության մեջ հանցագործությունների կատարման դեմ պայքարող շարժման մեջ։ «Փառքը շատ հետաքրքիր տարրեր է պարունակում իր մեջ։ Այդ տեսախցիկները, որոնք ինձ հետապնդում են, որոշակի առումով խեղդող են, բայց երբ ես սկսեցի կարդալ The New York Times-ում մի հոդված, այնպիսի տպավորություն էր, որ ցեղասպանությունից փրկվածների թվում շատ մարդիկ կան, ովքեր օգնության ոչ մի հնարավորություն չունեն։ Ու ես որոշեցի, որ ինձ հետևող տեսախցիկները պետք է ընդլայնեն մարդկանց պատմությունը՝ իմ միջոցով»,- պատմեց Ջորջ Քլունին։ Դերասանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում դժվար է հասնել «ցեղասպանություն» բառի կիրառությանը։ «Երբ ես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վկայություն էի տալիս «ցեղասպանություն» բառի հետ կապված, հասկացա, որ բարդ է ժամանակակից աշխարհի համար։ Իրենք կարծես հակված են «զանգվածային սպանդ» արտահայտությունն օգտագործել։ Նույնը Հայոց ցեղասպանության հետ կապված է։ Գիտեմ, որ երկար ու դժվարին պայքար է եղել, որ կոչես եղածն այն անունով, ինչն իրականում կա։ Դա տեղի է ունենում, բայց երկար ժամանակ է պահանջում։ Կարևորն այն է, որ չես կարող հերքել այն, ինչ կատարվել է, չես կարող մերժել, երբ մեկը մարդկային ցեղ է վերացնում, մշակույթ է վերացնում։ Սա ցեղասպանություն է։ Այլ տարբերակ չկա։ Գերմանիայից հետո աշխարհն ասում էր՝ չպետք է կատարվի, «այլևս երբեք», բայց մենք տեսանք Կամբոջա, Բոսնյա, Ռուանդա․․․ Նորից կատարվում է, ամենևին էլ այլևս երբեք չէ ․․․։ Ու անընդհատ արդարացնում ենք մեզ, որ այ, եթե իմանայինք՝ մի բան կանեինք, բայց մենք գիտենք դրա մասին, մենք դա տեսնում ենք»,- շեշտեց Քլունին։
