Ադրբեջանը ոչնչով չի զիջում Իսլամական պետության ահաբեկիչներին. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի  բացմանը, որն անցկացվում է «Ցեղասպանություն վերապրած վկաները» խորագրի ներքո: Հարգարժա՛ն ներկաներ,   Համաժողովի այս տարվա խորագիրը` «Ցեղասպանության վերապրած վկաները», թույլ է տալիս մեզ վեր հանել ինչպես հետևանքների վերացման, այնպես էլ կանխարգելման առումներով կարևորագույն նշանակություն ունեցող հարցերը: Եվ այսօր մեզ հետ այս դահլիճում, մեր կողքին են ցեղասպանության վերապրած վկաները։ Մարդիկ, ովքեր սեփական մաշկի վրա են զգացել ցեղասպանությունների՝ բառերով անփոխանցելի սարսափները, կորստի, կարոտի, հայրենազրկման անամոքելի ցավը՝ մի պահ, թերևս, հրաժեշտ տալով անցյալին ու ապագային։ Նրանցից յուրաքանչյուրի համար դժվար է եղել լավատես լինելը, բայց նրանք այստեղ են՝ փաստելու համար, որ ցեղասպանություն իրականացնողները չեն հաղթել։ Վստահ եմ՝ նրանք բոլորն էլ անցել են հերոսական մի ճանապարհ և այդ ճանապարհին հանդիպել մարդկանց, ովքեր ձեռք են մեկնել, ովքեր օգնել են ոտքի կանգնել, ովքեր հույս են ներշնչել... Մարդիկ, ովքեր ընդվզել են ժամանակի չարիքների դեմ՝ չհամակերպվելով անտարբերության հետ, սեփական շահն անտեսել՝ չհամակերպվելով անարդարության հետ, վտանգել են իրենց՝ հանուն ևս մի մարդկային կյանքի փրկության։ Այսօր էլ մարդկությունը, ցավոք, պակաս ունի մարդկայնության։ Դրա վկայությունն է նաև ցեղասպանություն իրականացնողների կամ նրանց ժառանգների կողմից ժխտողականության ալիքը, որն ամենամեծ հարվածն է վերապրածների համար: Ինչպես իրավացիորեն ասել է Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը․ «Ժխտել՝ նշանակում է սպանել զոհերին երկրորդ անգամ»: Առանձին դեպքերում ժխտողականությունը դրսևորվում է նաև հիշելու և իմանալու իրավունքների ոտնահարմամբ: Ժխտողականությունը մշտական վախի պայմաններում է պահում վերապրածներին և նրանց սերունդներին, քանզի նրանք, ովքեր ժխտում կամ արդարացնում են տեղի ունեցածը, անուղղակիորեն չեն բացառում ապագայում հնարավոր պայմանների առկայության պարագայում նույն հանցանքը կրկնելու հավանականությունը: Միաժամանակ, կարծում եմ ցեղասպանություն հանցագործության հետ կապված միջազգային իրավական փաստաթղթերը բավարար ուշադրության չեն արժանացնում վերապրածների խնդիրների միջազգային իրավական կարգավորումներին: Նույնը կարելի է ասել նաև փախստականների հետ կապված միջազգային իրավական ռեժիմի մասին: Կարևոր է հասկանալ, թե առկա իրավական մեխանիզմների կատարելագործման կամ նորերի ներմուծման միջոցներով ինչպես է հնարավոր իրավաբանորեն ամրագրել ցեղասպանություն կամ մարդկության դեմ հանցագործություններ վերապրածների առանձնահատուկ կարգավիճակը, առանց որի թերևս անհնար է համակարգված ձևով մոտենալ խնդրի լուծմանը: Ցանկացած հանցագործության արդարացի դատապարտումը պահանջում է նաև կրած կորուստների ու զրկանքների նկատմամբ տուժածների իրավունքների ճանաչում: Ասվածը բնականաբար վերաբերում է նաև ցեղասպանություններ և մարդկության դեմ հանցագործություններ վերապրածներին: Պետք է ապահովվեն անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ոչ միայն ճանաչել այդ իրավունքը, այլ նաև իրականացնել այն:   Հարգելի՛ գործընկերներ,   Ինչպես ցույց տվեցին վերջին տարիներին Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունները, մեր օրերում ցեղասպանությունների կանխարգելման հարցը մնում է արդիական և հրատապ: Վերջին շրջանում աշխարհը սարսափած հետևում է, թե ինչպես են Մերձավոր Արևելքում Իսլամական պետության ահաբեկիչները տանջամահ անում, գլխատում ու անդամահատում անմեղ մարդկանց, այդ թվում՝ կանանց, երեխաների ու ծերերի։ Աշխարհը վրդովված է այս բարբարոսություններից այն դեպքում, երբ դա կատարողն ընդամենը մի ավազակախումբ է, որին դժվար է պատասխանատվության ենթարկել և որի դեմ կարելի է պայքարել միայն հրթիռներով։ Սակայն, եթե ավազակախմբի կողմից իրականացված հանցանքների պարագայում նրանց դեմ պայքարում են հրթիռներով, ապա հարց է առաջանում թե ի՞նչ պատասխանատվություն են կրում միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունները համանման հանցագործություններ խրախուսելու և իրականացնելու համար: Ի՞նչ կասեք մի երկրի մասին, որը լինելով միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, ՄԱԿ-ի, ԵԽ-ի և բազմաթիվ այլ կառույցների անդամ, մարդասիրական կոնվենցիաների ստորագրող կողմ, իր ձեռագրով ոչնչով չի զիջում Իսլամական պետության ահաբեկիչներին։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ նախաձեռնված լայնածավալ հարձակման օրերին ադրբեջանցի զինվորները չբավարարվեցին միայն կրակելով․ նրանք անդամախեղեց տարեց մարդկանց, հայ զինվորին, կտրեցին նրանց գլուխներն ու ականջները՝ սոցիալական ցանցերում այդ ամենը որպես հերոսության դրսևորում ցուցադրելով։ Եվ այս ամենը Ադրբեջանի իշխանությունների բացահայտ խրախուսմամբ: Տարօրինա՞կ չէ արդյոք, որ բարբարոսական քաղաքականություն իրականացնող և քաղաքակրթական բոլոր նորմերը ոտնահարող նման երկիրն այս օրերին հյուրընկալում է «Քաղաքակրթությունների դաշինք» խորագրով համաժողովը: Մի՞թե սա հանդուրժելի կեցվածք է: Մենք պետք է հասնենք նրան, որ ատելության այսօրինակ սերմանումները տեղ չունենան մեր ժամանակներում, որ յուրաքանչյուր իշխանություն զերծ մնա նման վարքագծից՝ վախենալով, որ պատասխան է տալու: Միջազգային հանրությունը՝ մենք, պետք է նույնքան արագ և վճռականորեն արմատախիլ անենք ցեղասպանածին այսօրինակ երևույթները, որտեղ էլ որ դրանք դրսևորվեն, ինչպես մի քանի օր առաջ դա արեց Շվեդիայի ղեկավարությունն ու հասարակությունը՝ թուրք ազգայնական Բարբարոս Լեյլանիի կողմից հայերի հանդեպ հնչեցված ատելության քարոզչության կապակցությամբ։ Սա պահանջում է համախմբած աշխատանք, երբեմն աշխարհաքաղաքական շահերի ստորադասում, երևույթների հստակ ու հասցեական դատապարտում: Այլապես, եթե նման արատավոր երևույթները արմատախիլ չանենք դեռ սաղմնային վիճակում, ստիպված ենք լինելու լծվել դրանց բազմաբնույթ ու անկանխատեսելի հետևանքների վերացմանը՝ շարունակելու ենք առերեսվել ատելությունից սնվող տարատեսակ հանցագործությունների, որոնցից է, ի դեպ, մեր մայրցամաքում նոր թափ ու ծավալներ ստացած ահաբեկչությունը: Տիկնա՛յք և պարոնա՛յք,   Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովուրդը երախտագիտության ուղերձ հղեց ողջ աշխարհին։ Մեկնարկեց «100 կյանք» նախաձեռնությունն ու «Ավրորա» մրցանակաբաշխությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր այդ դժվարին օրերին փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Շնորհավորում և հիացմունքս եմ հայտնում մրցանակի հավակնորդներին․ ձեր բոլորի պատմություններն էլ շատ հուզիչ են, միևնույն ժամանակ՝ ոգեշնչող ու քաջալերող։ Շնորհակալ եմ նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին, մրցանակաբաշխության կազմակերպիչներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել այս կարևոր նախաձեռնության կյանքի կոչմանը։   Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և ցանկանում, որ գալիք սերունդներին միայն գրքերը պատմեն մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին»։  

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am