Պատժել 1in.am-ի օպերատորների աշխատանքը խոչընդոտած ոստիկաններին
«Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպությունը կոչ է անում անհապաղ պատասխանատվության ենթարկել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած ոստիկաններին: Երևանի Բաղրամյան պողոտայում այսօր՝ 22.04.2016թ., իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել իրենց աշխատանքային պարտականությունները կատարող 1in.am լրատվական կայքի օպերատորներին՝ վնաս հասցնելով տեսանկարահանող սարքերը: Նույն լրատվամիջոցում տեղ գտած տեսանյութից պարզ է դառնում, որ ոստիկանության ներկայացուցիչները անտեսել են ցուցարարների կոչերը՝ ԶԼՄ ներկայացուցիչներին բերման չենթարկելու մասին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը դեպքի վայր ժամանելու պահին լրագրողներին ասել է, որ «ոստիկանությունը լրագրողներին և ցուցարարներին քանիցս հորդորել է ազատել տարածքը», ապա խնդրել է ոստիկանություն ներկայացնել լրագրողների նկատմամբ կատարվածի տեսագրությունները՝ ուսումնասիրություն կատարելու համար: «Մեդիա և իրավունք»-ը ՀՀ ոստիկանությանը և մասնավորապես Աշոտ Ահարոնյանին հիշեցնում է՝ «ազատել տարածքը» հրահանգը հակասում է ԶԼՄ-ների մասին օրենքին, խոչընդոտում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, չի տեղավորվում լրատվամիջոցների մասին կոնվենցիայի որևէ կետում, իսկ լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը պատժելի է ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն: «Մեդիա և իրավունք»-ը ոստիկանությանը կոչ է անում օրենքին համապատասխան անհապաղ պատասխանատվության ենթարկել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած ոստիկաններին, ներողություն խնդրել հանրությունից և փոխհատուցել լրատվամիջոցին հասցրած նյութական վնասը: Մենք աչալրջորեն հետևելու ենք դեպքի հետ կապված հետագա զարգացումներին և դրանց մասին տեղյակ ենք պահելու հայաստանյան և միջազգային հանրությանը։
