«Ադրբեջանը չի գնա երկրորդ անգամ նման ահաբեկչական գործողությունների»
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից հետո հայ-ռուսական հարաբերությունները կունենան զարգացում, բոլոր ոլորտներում կլինի առաջընթաց, պատահական չէ, որ արտգործնախարարը նշեց` Ռուսաստանի առանցքային գործընկերը ԱՊՀ տարածքում Հայաստանն է: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Լավրովի այցելությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները կունենան զարգացում, բոլոր ոլորտներում կունենաք առաջընթաց, պատահական չէ, որ արտգործնախարարը նշեց`Ռուսաստանի առանցքային գործընկերը ԱՊՀ տարածքում Հայաստանն է: Սա մեսիջ է ոչ միայն Հայաստանին, նաեւ դրսին: Արտգործնախարարը այն մարդը չէ, որ պատահական հայտարարություն անի»,-ասել է Շարմազանովը` ուրախությամբ հավելելով, որ լավ էր, որ չիրականացավ Լավրովի այցով պայմանավորված Ղարաբաղյան խնդիր կարգավորման վերաբերյալ տխուր վերլուծությունները: Շարմազանովը շեշտել է, որ այս փուլում բանակցությունների վերականգնման մասին խոսելը դեռեւս վաղ է: «Որոշողը լինելու է Ղարաբաղի ժողովուրդը, այս փուլում խոսել բանակցությունների վերականգնման մասին, դեռեւս վաղ է: Բանակցություններ սկսելու համար պետք են վստահության մեխանիզմներ, պետք է հետաքննություն եւ պետք է սպառազինությունների բալանսավորում ու գիտակցություն, որ Ադրբեջանը չի գնա երկրորդ անգամ նման ահաբեկչական գործողությունների: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը սանկցիաների ենթարկի Ադրբեջանին»։
