Փակվում է կեղծելու բոլոր մեխանիզմները
Այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցրեց, թե որքա՞ն է կազմում գումարը, որն անհրաժեշտ է, որպեսզի բոլոր ընտրողները մեկ փաստաթղթով մասնակցեն քվեարկությանը, ինչո՞ւ է իշխանությունը հրաժարվում, որ ընտրատեղամասերից ուղիղ եթեր հեռարձակվի: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այսօր յուրաքանչյուր նույնականացման քարտի համար անհրաժեշտ է 3000 դրամ, պետք է բազմապատկել 2 մլն բնակչության թվով, որոնց մի մասը բացակայում է, և շատ մոտավոր այդ թիվը կկազմի 7-8 մլն դոլար, գումարած սարքավորումների գինը` 5-6 մլն, որպեսզի տրամադրումը մասսայական արվի: Այնուհետև Փոստանջյանը նշեց, որ անհրաժեշտ է փակ ցուցակ, ինչն էլ քաղաքական համակարգի զարգացման լավագույն ձևն է: «Փակ ցուցակն աճպարարություն է»,- հակադարձեց Դ.Հարությունյանը` հավելելով, որ կան շատ գործիչներ` դասական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կապերով, բայց այնպես չէ, որ մարդը գալու է և ձայնը տալու է նրան, որն ունի գործարան: Նա վստահեցրեց, որ նոր ԸՕ-ով առաջարկվող համակարգը փակում է կեղծելու բոլոր մեխանիզմները:
