Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել.Լավրով
«Ուզում եմ ցավակցությունս հայտնել բոլոր զոհերի հարազատներին։ Այս ողբերգական դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ԼՂ հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում և կարող է հաղթահարվել բացառապես դիվանագիտական ճանապարհով»,- ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Այս փուլում մենք համարում ենք, որ պետք է լիարժեքորեն կատարվի 1994-95 թթ. զինադադարի մասին պայմանագիրը։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, կանի ամեն ինչ, որպեսզի կողմերը խաղաղ ճանապարհով լուծեն հարցը։ Պետք է հարգվեն հրադադարի պայմանները»,- ընդգծեց ՌԴ ԱԳ նախարարը: «Հայաստանը Կազանի փաստաթղթից չի հրաժարվել»,- ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ռուսական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Հայաստանը հրաժարվել է Կազանի փաստաթղթից: «Նույն հետ քայլը, կամ մերժումն Ադրբեջանը արեց ոչ միայն Կազանում, այլ դրանից առաջ Սոչիում, դրանից առաջ Մոսկվայում, դրանից առաջ Աստրախանում, դրանից առաջ Պետերբուրգում: Այդպես կարող ենք գնալ և հասնել տասը տարի առաջ, երբ Փարիզում էին բանակցություններն ընթանում: Իրականությունը սա է»,-ՀՀ արտաքին գործերի նախարարն ասաց, իր գործընկերը հաստատեց, որ Հայաստանը չի մերժել, այլ Ադրբեջանը:
