Հրադադարի համաձայնագիրն անժամկետ բնույթ է կրում.ՌԴ
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով։ «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին ռուսական կողմը առաջնորդվում է նրանով, որ 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը եւ 1995 թվականի ղարաբաղյան հակամարտությունում հրադադարի ամրապնդման մասին համաձայնագիրը անժամկետ բնույթ են կրում եւ նախկինի պես կազմում են հակամարտության գոտում հրադադարի հիմքը։ Դա սկզբունքային դիրքորոշում է, որն ամբողջովին համապատասխանում է ԵԱՀԿ ՄԽ «եռյակի» ընդհանուր մոտեցմանը։ Այն շարադրված է եղել ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության նոտայում, որը ս.թ. ապրիլի 12-ին հղվել էր ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությանը»,- ասված է մեկնաբանության մեջ։ Նման դիրքորոշումը կարող է միայն վկայել, որ ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակի պայմանագրային բազա են ճանաչվում արդեն առկա պայմանագրերը, եւ նորերը չեն լինելու: Այս դիրքորոշումն, ըստ տրամաբանության, ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղում զորքերի դիմակայության գիծը պետք է վերականգնվի 1994 թ. դրությամբ ձեւավորված իրավիճակի համապատասխան: Այսինքն, կամ Ադրբեջանը պետք է իր կամքով հեռանա նախկին դիրքերին, կամ էլ ԼՂՀ պաշտպանության բանակը իրավունք է ստանում վերականգնել հաշտության գիծը ռազմական ճանապարհով:Սակայն ԼՂՀ եւ Հայաստանի պաշտոնատարների անթիվ-անհամար հայտարարություններում խոսվում է ինչի մասին ասես, բացի գլխավոր պահանջից՝ ադրբեջանական զորքերի հեռացումը նախկին դիրքերին, այդպիսով ցույց տալով այդ երկրի հավատարմությունը 1994 եւ 1995 թթ. պայմանագրերին: Չի խոսվում այն մասին, որ ԼՂՀ պաշտպանության բանակն իրեն իրավունք է վերապահում հարկադրել Ադրբեջանին նահանջել իր դիրքերին: Առավել եւս չի խոսվում այն մասին, որ այդ պահանջը կարող է դառնալ կողմերի միջեւ բանակցության միակ առարկան:
