Հովհաննես Դավթյանը հաղթեց թուրք մարզիկին
Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկել է Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: Մրցումային առաջին օրը մրցահարթակ են դուրս եկել Հովհաննես Դավթյանը, Գարիկ Հարությունյանը (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) և Ժաննա Ստանկևիչը (52 կգ): 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է ավստրիացի մարզիկին, այնուհետև առավելության հասել չեխ Պավել Պետրիկովի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում պարտվել է իտալացի Էլիոս Մանզիին: Սփոփիչ գոտեմարտում հայ ձյուդոյիստը հաղթել է հոլանդացի Ժերոեն Մուրենին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում պարտության մատնել թուրք Բեքիր Օսլուին: Նույն քաշային կարգում հանդես եկող Գարիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր նույն Օսլուին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 66 կգ քաշային Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում պարտության է մատնել ադրբեջանցի Թարլան Քարիմովին, սակայն հաջորդ գոտեմարտում զիջել է բելոռուս Դմիտրի Շերշանին և դուրս մնացել պայքարից: 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը պարտվել է առաջին գոտեմարտում: Ապրիլի 22-ին մրցագորգ դուրս կգան Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը, Ռաֆայել Դավթյանը (81 կգ):
